«Դուրս եկեք փողոց որպես ավագանի, որպես երևանցի, դա ձեր կուսակցական դիրքորոշումը թող չլինի»,- 2018-ի իր գրառումը լրագրողների համար կարդաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը` ի պատասխան Էդմոն Մարուքյանի ասածի, թե ինքը ստել է ԱԺ ամբիոնից, և որևէ ապացույց չկա, որ նամակ է գրել ու խնդրել հեղափոխության օրերին խորհրդարանում ելույթ ունենալու փոխարեն դուրս գալ փողոց։
«Սա այն օրն է, երբ մեր վրա նռնակներ են նետվել, երբ ես հիվանդանոց եմ ընկել»,- հավելեց փոխխոսնակը՝ պնդելով, որ կարող է իր յուրաքանչյուր ասած ապացուցել։
Սիմոնյանը նշեց, սակայն, որ չի կարող Մարուքյանի և Միքայել Մինասյանի լուսանկար ցույց տալ՝ ապացուցելու, որ նրանք համագործակցում են։
«Ինքը չի վախենում, չի զսպում իրեն, Խաչատրյան Գագիկի անունն է տալիս, մյուսների անունն է տալիս, բայց լսե՞լ եք, որ ինքը երբևէ Միքայել Մինասյանի անունը տա, բացի նրանից, որ ասի՝ գնացեք ապացուցեք»,- նշեց Սիմոնյանը։
Այդ ընթացքում Սիմոնյանին մոտեցած Էդմոն Մարուքյանին ԱԺ փոխխոսնակը նույնպես ցույց տվեց գրառման լուսանկարը, որին Մարուքյանը չհամաձայնեց։
«Սա քո ասածի ապացույցը չի»,- նշեց Մարուքյանը և խոստացավ ֆեյսբուքյան իր էջում հրապարակել այն կադրերը, որոնք կապացուցեն, որ իրենք պահել են իրենց խոստումն ու բռնության կիրառումից հետո դուրս են եկել փողոց։
Սիմոնյանը նշեց, որ ներողությունները, որը Մարուքյանը հայտնեց ճեպազրույցի ժամանակ, ընդունված են, և կոչ արեց վերադառնալ նորմալ աշխատանքի։