Հայաստանի դատական համակարգում կա շատ մեծ խնդիր, և դա խոստովանել են բոլորը։ Այդ մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:
Պատգամավորի խոսքով՝ խնդիրն ավտորիտար ռեժիմից անցումն է ժողովրդավարական համակարգին:
«Մեր դատական համակարգը այս պահի դրությամբ հարիր չէ այդ համակարգին։ Հիմա մենք ունենք խնդիր, որ այն դատավորները, որոնք պրոֆեսիոնալ կամ էթիկական տեսանկյունից չեն համապատասխանում դատավորի կոչմանը, չլինեն դատավոր»,- նշեց Ռուբինյանը:
Նա հիշատակեց միջազգային փորձը՝ նշելով, որ, օրինակ, Ալբանիան ավելի կտրուկ ճանապարհով է գնացել, բայց նույնիսկ այդ ճանապարհը չի ենթադրում մի քանի ամսում դատավորների փոփոխություն։
Պատգամավորը հասկանում է այս հարցով ավելի արագ փոփոխություններ ակնկալող քաղաքացիներին, բայց, ըստ նրա, իրենց նպատակն է խնդիրը լուծել, և ավելի լավ է դանդաղ, քան չլուծել։