Չինաստանի Ուհան քաղաքի իշխանությունները, որտեղից սկսվեց կորոնավիրուսային պանդեմիան, նախատեսել են 10 օրվա ընթացքում թեստեր անցկացնել ամբողջ քաղաքում, որը 11 միլիոն բնակիչ ունի:
«Տասնօրյա մարտ» կոչվող ծրագրի շրջանակում առաջինը կթեստավորվեն տարեցներն ու քաղաքի խիտ բնակեցված շրջանների բնակիչները:
Այդ քայլի պատճառը անցած հանգստյան օրերին Ուհանում գրանցված կորոնավիրուսային վարակի վեց նոր դեպքերն են: Դրանք բոլորը կապված են մեկ օջախի՝ բազմաբնակարանային շենքի հետ:
Լուրը մտահոգել է քաղաքային իշխանություններին, քանի որ Ուհանում կարանտինը հանվել էր դեռևս ապրիլի 8-ին, իսկ ապրիլի 3-ից վարակի նոր դեպքեր չէին գրանցվել:
Քաղաքում բացվել են դպրոցները, կոմերցիոն ձեռնարկությունները, աշխատում է հասարակական տրանսպորտը:
Իշխանությունների նախաձեռնությունը քննադատողները համոզված են, որ թեստավորումը պետք էր անցկացնել մինչև կարանտինի վերացնելն ու այլ քաղաքների հետ Ուհանի կապը վերականգնելը: