Այն, որ ԱԺ-ում տեղի ունեցածը քաղաքական է և պետք է քաղաքական հետևանքներ ունենա, չի քննարկվում։ Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցներին հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Ամեն բան արվում է, որ «ջուրը պղտորվի» և մարսվի խորհրդարանում տեղի ունեցած խուլիգանական հարձակումը մեր նկատմամբ»,- ասաց նա։
Մարուքյանը նշեց, որ վարչապետն իր ելույթով լեգիտիմացրեց բռնությունը խորհրդարանում և սկիզբ դրեց մի արշավի, որը բռնության զոհին կդարձնի բռնություն կատարող կամ հիմնական մեղավոր։
«Այդ արշավն այսօր էլ թափ է հավաքել և կանգ չի առնում։ Խորհրդրանում հնչած այլընտրանքային, քննադատային, սուր խոսքը որակվում է որպես սադրանք, հետո ասում են, որ այդ ժամանակ կարելի է բռնություն կիրառել, իսկ երրորդ քայլով արդարացնում են այդ բռնությունը։ Դա ալիքաձև ազդելու է Հայաստանում ընթացող բոլոր երևույթների վրա, մարդկանց խոսքի, ընդդիմադիր խոսքի, ալտերնատիվ ազատության վրա, և այդ առումով սա մի մեծ պրոցեսի սկիզբ է, բայց սրանով նաև իշխանությունը դրեց իր վերջի սկիզբը։ Քանի որ այն իշխանությունը, որը արդարացնում է բռնությունը ազատ խոսքի դեմ, չի կարող լավ ապագա ունենալ»,- նշեց Մարուքյանը։
Ըստ նրա՝ իրենք որոշ վրիպակներ են թույլ տվել, որի համար ցավում են, բայց հարցը քաղաքական է և մնացած մյուս շահարկումները պետք է հանել հարցից։
«Քաղաքական տիրույթ են ներմուծվել անձնական բնույթի հարցեր, և խորհրդարանի ամբիոնը օգտագործվել է՝ շահարկելու անձնական բնույթի հարցեր և սրբություններ։ Դրանով փորձ է արվում բուն իրողությունը քողարկել և արդարացնել այն, ինչ տեղի է ունեցել։ Ուզում եմ ասել, որ որևէ մեկի սրբությանը ուղղված ոտնձգություն մեր կողմից չկա։ Եթե որևէ հայտարարություն որևէ ձևով նման կերպ է դիտարկվել, ես ներողություն եմ խնդրում»,- նշեց Մարուքյանը։
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի խոսքով՝ վարչապետը չի դատապարտել իրեն թիկունքից խփողներին, չի դատապարտել իր վրա հարձակվողին, իրեն սպառնացողներին։
«Արդեն ազատամարտիկներ են էս թեմաների մեջ խառնում։ Տեսա՝ ազատամարտիկներ են դատապարտում ինձ, մեզ։ Մտովի հետ եմ գնում 2008-2009 թվականներ և հիշում եմ, երբ որ ես այցելում էի Սասուն Միքայելյանին, այդ ազատամարտիկները Մանվել Գրիգորյանի հետ էին»,- ասաց Մարուքյանը։