Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի փողոցներում շրջելուց հետո Ֆեյսբուքի ուղիղ եթերում նշեց, որ քաղաքացիների հետ շփումների արդյունքում պարզել է, որ մարդկանց մոտ կան տարբեր մոտեցումներ։ Ոմանք պնդում են, որ կորոնավիրուս չկա, այն սարքած է, և համավարակին վերաբերվում են իմիջիայլոց։ Ոմանք ցանկանում են, որ հանրային տրանսպորտը վերսկսի աշխատանքը, ոմանք էլ խնդրում են, որ առանց դիմակի փողոց դուրս գալու համար տուգանք մտցվի։
«Մենք, ցավոք, այս փուլում չենք կարող արտակարգ դրությունը վերացնել, բայց սահմանափակումների ռեժիմի նկատմամբ մեր վերաբերմունքը որոշակիորեն պետք է փոխվի։ Մեր ռազմավարությունը պետք է լինի այն, որ մարդիկ ոչ թե տներում փակվեն, այլ իրենց առօրյա կյանքում պահեն հակահամաճարակային կանոնները։ Եվ դրա համար մենք պետք է վարչական լծակներ օգտագործենք»,- նշեց վարչապետը։
Նրա համոզմամբ՝ իրավիճակն աննախադեպ է, ամբողջովին բացվել չի լինում, փակվել նույնպես չի լինում, առանցքային գործոնը շարունակում է մնալ յուրաքանչյուրի անհատական պատասխանատվությունը։
Նիկոլ Փաշինյանը կրկին հիշեցրեց սոցիալական հեռավորության, ձեռքերով դեմքին չդիպչելու և կասկածելի ստերիլությամբ սպասքից չօգտվելու մասին։
Քաղաքացիներից մեկի հարցին ի պատասխան՝ վարչապետը նշեց, որ արտակարգ դրությունը չերկարաձգելու տարբերակ ուղղակիորեն Կառավարությունը չունի։
«Այս իրավիճակի լուծումը կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես, սիրելի քաղաքացի։ Մենք առնվազն մեկ տարի պետք է ապրենք այս կորոնավիրուսի հետ, և պետք է այնպես ապրենք, որ ապրենք, ոչ թե տառապենք, գոյատևենք և այլն։ Եթե պարզվի, որ պետք է դիմակ կրելը փակ տարածքներում պարտադիր լինի, ուրեմն պետք է պարտադիր լինի։ Բայց չենք կարող կիսակյանքով ապրել, պետք է լիարժեք կյանքով ապրել, ինչը չի նշանակում անկաշկանդ վարակվել ու վարակել»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։