Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ նշելով, որ «Սմարթ» հիմնադրամի հետ գործակցությամբ Աբովյանի պետական քոլեջի տարածքում մեկնարկած loft ոճի հանրային գրադարանի կառուցման աշխատանքներն ավարտված են:
Պետրոսյանը նշել է, որ համայնքային կյանքի զարգացման մեր տեսլականում բազմիցս է կարևորել հանրային գրադարանների ու ստեղծարար կենտրոնների ստեղծման անհրաժեշտությունը՝ ընդգծելով, որ դրանք իրենց գործունեությամբ միտված են համայնքներում քաղաքացիական իրավագիտակցության բարձրացմանը: Մարզպետի խոսքով՝ դրանք նաև լավագույն հարթակ են հանրության իրազեկվածության բարձրացման տեսանկյունից և կյանքի որակի վրա ուղղակիորեն ազդող կարևոր գործոն են:
«Այժմ ուրախությամբ եմ հայտնում, որ Աբովյանի հանրային գրադարանն այլևս իրականություն է: Դիզայներական նորագույն լուծումներով կառուցված հանրային գրադարանը շատ արագ դառնալու է երիտասարդ ու նաև ավագ սերնդի ներկայացուցիչների ամենասիրելի վայրը, որտեղ նրանք կարող են կյանքի կոչել ամենատարբեր նորարարական ու ստեղծարար գաղափարներ: Այս պահին ընդամենը ներքին կահավորումն է պակասում, որն էլ կյանքի կկոչենք համավարակով պայմանավորված՝ արտակարգ դրության ավարտից անմիջապես հետո։
Ամբողջական գործընթացի ավարտից հետո Աբովյանում կունենանք նմանը չունեցող հանրային գրադարան՝ հագեցած դասական ու մոդեռն գրականության նմուշներով, հարմարավետ Work’n’Roll կոնցեպտով ստեղծված աշխատանքային սրահներով, սեմինարներ ու դասընթացներ անցկացնելու սենյակներով։ Կոտայքում մենք հանձնառու ենք մեր կարևորագույն քաղաքական առաջնահերթության իրագործմանը. այն է՝ «Կոտայքի բնակչի վերափոխումը ՀՀ քաղաքացու»,- նշել է մարզպետը: