Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում նշեց, որ մեր երկրում հակահամաճարակային պայմանները համատարած չեն պահպանվում, մարդիկ շարունակում են միմյանց գրկել փողոցներում, չեն պահում սոցիալական հեռավորություն։
Վարչապետն անհանգստացած է, որ արդեն քանի օր Հայաստանում կորոնավիրուսով վարակի նոր դեպքերը եռանիշ են և չեն նվազում։
«Ես ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել փաստերի վրա, որ մեզնից յուրաքանչյուրն ունի հնարավորություն չվարակվելու և չվարակելու, եթե պահպանի այն կանոնները, որոնց մասին խոսել ենք։ Այսինքն՝ պահպանել սոցիալական հեռավորություն, առանց դիմակների չշփվել միմյանց հետ, չախտահանված ձեռքերով դեմքին չդիպչել»,- նշեց վարչապետը։
Նրա խոսքով՝ մարտավարությունը հետևյալն է՝ սովորել ապրել կորոնավիրուսին զուգահեռ, քանի որ դեռ առնվազն մեկ տարի համավարակը լինելու է, բայց դա չի նշանակում առանց կաշկանդվածության վարակվել ու վարակել մյուսներին։
«Եթե մենք այս տեմպերով գնանք, նոր հիվանդացությունների դեպքերն ավելանալու են, և մենք նորից ստիպված ենք լինելու գնալ սահմանափակումների։ Բայց մենք բոլորս անհատական պատասխանատվությամբ կարող ենք այս իրավիճակից խուսափել, և ես կոչ եմ անում, խնդրում եմ՝ խստիվ հետևել հակահամաճարակային կանոններին»,- նշեց վարչապետ Փաշինյանը։
Նա ասաց, որ մայիսի 4-ից սահմանափակումների մեղմացումը թույլ է տվել տնտեսությանը վերականգնման որոշակի միտումներ ցուցաբերել, որը դրական ազդեցություն կունենա նաև սոցիալական վիճակի վրա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ երեկվա տվյալներով՝ հակաճգնաժամային միջոցառումներով 73 միլիարդ դրամ բաշխվել է, և դրանից օգտվել է ավելի քան 1,1 միլիոն քաղաքացի։
«Իմ խնդիրն է ձեզ այսօր հիշեցնել, որ կորոնավիրուսի ճգնաժամը, համաճարակը ծավալվում է ամբողջ թափով, և խնդրում եմ պահպանել կանոնները»,- եզրափակեց վարչապետը։