2020 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն 3,5 տոկոսով անկում կապրի կորոնավիրուսային համավարակի տնտեսական ազդեցության պատճառով, ասվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ)` այսօր հրապարակված նոր մակրոտնտեսական կանխատեսման մեջ: Բանկն ակնկալում է, որ Հայաստանում տնտեսությունը կվերականգնվի 2021 թվականին՝ գրանցելով ՀՆԱ-ի 5,5 տոկոս աճ։
Ըստ ՎԶԵԲ-ի Տարածաշրջանային տնտեսական հեռանկարների նոր հրապարակման` «գլոբալ անորոշությունը և նվազող պահանջարկը, որոնք առաջացել են կորոնավիրուսային ճգնաժամի հետևանքով և զուգակցվել պարենային ապրանքների գների անկայունության հետ, ուղղակիորեն կազդեն տնտեսության վրա՝ կնվազի հանքարդյունաբերական արտադրանքի արտահանման ծավալը, ինչպես նաև անուղղակիորեն՝ Ռուսաստանի հետ տնտեսական կապերի ազդեցության ու դրամական փոխանցումների հավանական կրճատման արդյունքում: Սոցիալական սահմանափակումների և ցածր շարժունակության երկարատև միջոցառումները վնաս կհասցնեն Հայաստանի զբոսաշրջության ոլորտին, որը մեծապես կախված է արտերկրում ապրող հայերի այցերից»:
Վերականգնումը կախված կլինի երկրի ներսում վիրուսի տարածումը զսպելուն ուղղված միջոցառումների աստիճանական թուլացումից և տարվա երկրորդ կեսին սովորական վիճակին վերադառնալու տեմպից:
Այս տարի ՎԶԵԲ-ի գործունեության տարածաշրջանների տնտեսությունները, հավանաբար, միջինում 3,5 տոկոսով անկում կգրանցեն, իսկ 2021 թվականին հնարավոր է 4.8 տոկոս աճ, ասվում է զեկույցում՝ նախազգուշացնելով, սակայն, որ կանխատեսումները ենթակա են «աննախադեպ անորոշության»:
Զեկույցի հեղինակները ենթադրում են, որ ճգնաժամը չափավոր ազդեցություն կունենա տնտեսական արդյունքների երկարաժամկետ հետագծի վրա, և աճը կվերսկսվի երրորդ եռամսյակի ավարտին, սակայն տնտեսական, քաղաքական և սոցիալական հետևանքները, հավանաբար, նշանակալի և երկարաժամկետ կլինեն։
«Եթե սոցիալական հեռավորության առումով սահմանափակումները ուժի մեջ մնան շատ ավելի երկար, քան կանխատեսվում էր, անկումը կարող է լինել շատ ավելի խորը, և այդ դեպքում հետագա տարիների ընթացքում չի հաջողվիհասնել 2019 թվականին գրանցված՝ մեկ շնչի հաշվով արտադրանքի մակարդակին»,- ասվում է զեկույցում:
ՎԶԵԲ-ի գործունեության տարածաշրջաններում զսպման միջոցառումները ազդել են ներքին պահանջարկի և առաջարկի վրա: Արտաքին ցնցումները ներառում են պարենային ապրանքների գների կտրուկ անկում (ազդելով պարենայինապրանքներ արտահանող ընկերությունների վրա), գլոբալ արժեքային շղթաների խափանում, տուրիզմի կոլափս ևդրամական փոխանցումների նվազում:
ՎԶԵԲ-ը ներդրումներ է կատարում զարգացող տնտեսություններում՝ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից մինչև Կենտրոնական Ասիա, Միջին Արևելք և Հյուսիսային Աֆրիկա: ՎԶԵԲ-ի գործունեության գրեթե բոլոր երկրները, ամենայն հավանականությամբ, այս տարի տնտեսական անկում կապրեն, բացառությամբ փոքր թվով երկրների, ներառյալ Թուրքմենստանը և Ուզբեկստանը Կենտրոնական Ասիայում, ինչպես նաև Եգիպտոսը:
Կենտրոնական Ասիայի երկրներում, որոնք ճնշման տակ են ընկել պարենային ապրանքների գների և տրանսֆերտներիկտրուկ անկման հետևանքով, այս տարի տնտեսական աճը կնվազի միջինում 1,2 տոկոսով՝ նախքան 2021 թվականին վերականգնվելը՝ գրանցելով 5,8 տոկոս աճ։
Ղազախստանն ու Ուզբեկստանը օգտագործում են իրենց հասանելի բուֆերները` տնտեսությանը զգալի խթան ապահովելու նպատակով: Այնուամենայնիվ, ավելի փոքր երկրներում, ինչպիսիք են Ղրղըզստանի Հանրապետությունը, Մոնղոլիան և Տաջիկստանը, անկում է գրանցվում ծայրահեղ սահմանափակ հարկաբյուջետային հնարավորությունների և զգալի պարտքերի պատճառով։
Կենտրոնական Եվրոպայում և Մերձբալթյան երկրներում սահմանափակումների խիստ միջոցառումները ներառում ենբիզնեսների և դպրոցների զանգվածային փակում, մինչդեռ ընդհատված արժեքային շղթաները խոչընդոտում ենարտադրության գործընթացը, այդ թվում՝ ավտոմոբիլային արդյունաբերության ոլորտում, որն օրինակ՝ Սլովակիայի հանրապետությունում կազմում է արդյունաբերական արտադրության գրեթե կեսը: Կրճատված արտաքին պահանջարկը, ամենայն հավանականությամբ, էլ ավելի է հետաձգելու վերականգնումը: Կանխատեսվում է, որ 2020 թվականին արդյունքը տարածաշրջանում կնվազի 4,3 տոկոսով, սակայն 2021 թվականին կրկին կամրապնդվի՝ աճելով 4,5 տոկոսով:
Զեկույցում նշվում է, որ Լեհաստանը, որն ունի Կենտրոնական Եվրոպայի և Մերձբալթյան տարաժաշրջանի ամենամեծ տնտեսությունը, հատկապես կայուն է եղել 2008-09 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ընթացքում: Ակնկալվում էր, որ կորոնավիրուսային ճգնաժամն ավելի ուժեղ ազդեցություն կունենա երկրի ներսում բիզնեսի և զբաղվածության վրա՝ հաշվի առնելով Լեհաստանի բարձր մակարդակի ինտեգրումը գլոբալ արժեքային շղթաներին և առևտրի մեծ ազդեցությունը, հատկապես Եվրամիության (ԵՄ) շրջանակներում: Լեհաստանի տնտեսությունը 2020 թվականին 3,5 տոկոս անկում կապրի, իսկ 2021 թվականին կաճի 4,0 տոկոսով:
Ըստ զեկույցի, Արևելյան Եվրոպայի և Կովկասի երկրները, ամենայն հավանականությամբ, խիստ ազդեցությանկենթարկվեն կորոնավիրուսային ճգնաժամի, ինչպես նաև համաշխարհային ֆինանսական շուկաների խստացման, արտարժույթի ներքին շուկաների վրա ուժեղ ճնշման և արտահանման նկատմամբ արտաքին պահանջարկի նվազմանհետևանքով:
Պարենային ապրանքների գների անկումը լրացուցիչ բեռ է ստեղծել ածխաջրածիններ և մետաղներ արտահանողների`Ադրբեջանի, Ուկրաինայի և Հայաստանի համար, մինչդեռ տրանսֆերտների ակնկալվող նվազումը ճնշում է գործադրումտնային տնտեսությունների մեկանգամյա եկամտի վրա, հատկապես Մոլդովայում, Հայաստանում, Ուկրաինայում և Վրաստանում: Զբոսաշրջությունից եկամուտների կորուստը լուրջ հարված կլինի Վրաստանի տնտեսության համար:
Ուկրաինայում կրճատված արտաքին պահանջարկի և ներքին պահանջարկի անկման համադրությունը`պայմանավորված վիրուսի տարածումը զսպող հանրային առողջապահական միջոցառումներով, իր վնասը հասցրեց արտադրության և ծառայությունների ոլորտներին: Ակնկալվում է, որ 2020 թվականին տնտեսական աճը կնվազի 4,5 տոկոսով, իսկ 2021-ին կգրանցվի 5,0 տոկոս աճ։
Զեկույցում նշվում է, որ Ռուսաստանն ապրեց կրկնակի ցնցում․ թե՛ կորոնավիրուսային համավարակը, որը բերեց գլոբալ պահանջարկի նվազմանը, և թե՛ նավթի արդյունահանումը սահմանափակելու մասին համաձայնագրի ձախողումը, որոնք միասին հանգեցրին նավթի գների էական անկմանն ու գործունեության կտրուկ դանդաղեցմանը:
Ռուսաստանի տնտեսությունը դեռևս կախված է նավթից, իսկ նավթի գների անկումը նշանակալի էր, մասնավորապես`համավարակի ազդեցությունը մեղմելու համար անհրաժեշտ հարկաբյուջետային խթանման ֆոնին: Ակնկալվում է, որ 2020 թվականին Ռուսաստանի տնտեսական աճը կնվազի 4,5 տոկոսով, որին կհաջորդի 4,0 տոկոս աճ 2021 թվականին։
Եվրամիության անդամ երկրները հարավարևելյան Եվրոպայում, ամենայն հավանականությամբ, նույնպես խիստ կտուժեն կորոնավիրուսային ճգնաժամի հետևանքով, և անկման հիմնական օջախը կլինի զբոսաշրջության ոլորտը, հատկապես Կիպրոսում, Հունաստանում և Բուլղարիայում:
Ակնկալվում է, որ Արևմտյան Բալկանները՝ Բոսնիա և Հերցեգովինան, Հյուսիսային Մակեդոնիան և Սերբիան, կտուժեն գլոբալ մատակարարումների շղթայի խաթարումից՝ լայնածավալ արտադրական բազա ունենալու պատճառով: Ալբանիայի և Մոնտենեգրոյի տնտեսությունները կտուժեն, քանի որ մեծ կախվածություն ունեն զբոսաշրջությունից, մինչդեռ Կոսովոյում և որոշ չափով՝ Արևմտյան Բալկանների այլ տնտեսություններում, նվազած տրանսֆերտների պատճառով կկրճատվի ներքին պահանջարկը:
2020 թվականին կորոնավիրուսային պանդեմիան, հավանաբար, ուժեղ ազդեցություն կունենա Թուրքիայի տնտեսական աճի վրա՝ 2020 թվականին ՀՆԱ-ն կնվազի 3,5 տոկոսով, այնուհետև արագ կվերականգնվի՝ 2021 թվականին գրանցելով 6.0 տոկոս աճ: Կանխատեսումը մեծապես կախված է վիրուսի տարածումը զսպող՝ սոցիալական սահմանափակումների միջոցառումների տևողությունից և ծավալից:
Ակնկալվում է, որ հարավային և արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում կորոնավիրուսի բացասական ազդեցությունը տեսանելի կլինի զբոսաշրջության ոլորտում (որը 2019 թվականին տարածաշրջանի բոլոր երկրների տնտեսական աճի հիմնական շարժիչն էր), ինչպես նաև կնկատվեն զսպման միջոցառումների հետ կապված՝ ներքին պահանջարկի անկում, հիմնական առևտրային գործընկերների կողմից պահանջարկի անկում և օտարերկրյա ուղղակի ներդրումների ավելի դանդաղ ներհոսքեր:
Այս տարածաշրջանի երկրներում տնտեսական աճը 2020 թվականին կնվազի միջինում 0,8 տոկոսով՝ նախքան 2021 թվականին 4.8% աճի շնորհիվ վերականգնվելը:
Եգիպտոսում, որը տարածաշրջանում ամենամեծ տնտեսությունն ունի, աճը պահպանվել է պետական շինարարության խոշոր ծրագրերի և հեռահաղորդակցության ոլորտում բումի շնորհիվ: Ակնկալվում է, որ այս տարի Եգիպտոսը կգրանցի 0,5 տոկոս, իսկ 2021 թվականին՝ 5,2 տոկոս տնտեսական աճ:
Ակնկալվում է նաև, որ տարածաշրջանի այլ երկրներում՝ Հորդանանում, Մարոկկոյում, Լիբանանում և Թունիսում, տնտեսական աճը կնվազի։ Կանխատեսվում է հատկապես կտրուկ՝ 11 տոկոս անկում Լիբանանում, որն արդեն իսկ ռեցեսիայի մեջ էր 2018 և 2019 թվականներին: