Մայիսի 10-ին տարհանման չվերթով Հայաստանից Ուկրաինա է ժամանել 80 ուղևոր՝ այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:
Հայաստանի Հանրապետությունում Ուկրաինայի դեսպանությունից պարբերականին հայտնել են, որ Հայաստանից չվերթով Կիև է մեկնել 80 ուղևոր, որից 51-ը Ուկրաինայի քաղաքացիներ են:
Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայության տվյալներով՝ «Կիև» առանձին հսկիչ անցագրային կետի սահմանապահներն իրականացրել են ջերմաստիճանային սքրինինգ և ուղևորների առողջական վիճակի հարցումներ:
Ժամանողների շարքում չեն հայտնաբերել բարձր ջերմությամբ կամ ինքնազգացողության գանգատներով անձանց: Այս չվերթերի ուղևորները կարանտին անցնելու համար ընտրել են «Дій вдома» հավելվածի միջոցով ինքնամեկուսացումը:
Պարբերականը հիշեցնում է, որ սա Երևանից արդեն երրորդ հատուկ չվերթն է: Ուկրաինական SkyUp ավիաընկերությունը ապրիլի 28-ին իրականացրել էր Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթ, որը տեղափոխել էր երկու երկրներից մոտ 300 քաղաքացիների: Թռիչքի բոլոր ծախսերը ստանձնել է «Ուկրաինայի հայերի միություն» կազմակերպությունը՝ նախագահ Վիլեն Շատվորյանի գլխավորությամբ:
SkyUp ավիաընկերությունը մարտի 25-ին իրականացրել էր Կիև-Երևան-Կիև չարտերային չվերթ, որի ժամանակ Կիևից տեղափոխել էր 62 ուղևորի, իսկ Երևանից՝ 92: Նշվում էր, որ չվերթն իրականացվել է Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուլեբի և ուկրաինացի դիվանագետների ջանքերի շնորհիվ: