Մայիսի 12-ին Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետները սնունդ և առաջին անհրաժեշտության պարագաներ են փոխանցել Վերին Լարսում գտնվող ՀՀ քաղաքացիներն, որոնք ցանկանում են ՌԴ-ից Վրաստանի տարածքով մեկնել Հայաստան՝ տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից:
Դեսպանության ներկայացուցիչները զրույց են ունեցել քաղաքացիների հետ, ներկայացրել համավարակի պատճառով ստեղծված իրավիճակը և Վրաստանում գործող սահմանափակումները և կոչ արել վերադառնալ իրենց բնակության վայրերը՝ մինչև սահմանի բացումը։
Դիվանագետները նշել են, որ, նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված, արտերկրում հայտնված ՀՀ քաղաքացիների տեղափոխումը Հայաստան իրականացվում է բացառապես պարետատան և ՀՀ ԱԳՆ համակարգմամբ՝ ըստ մշակված ժամանակացույցի ու գործողությունների ծրագրի: Նշել են, որ դրանից դուրս իրականացված անհատական նախաձեռնությունները, որոնք տեղի են ունենում ներդրված սահմանափակումների խախտմամբ, կարող են հանգեցնել անվերահսկելի հետևանքների և խաթարել քաղաքացիների տեղափոխման աշխատանքները: