Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը մարզի ջրամբարներում լցվածության աստիճանին, կուտակման ծավալներին և առկա հիմնահարցերին ծանոթանալու նպատակով ոլորտային պատասխանատուների հետ եղել է Մանթաշի ջրամբարում, շրջել տարածքում, զրուցել ջրամբարի տարածքում աշխատանքներ իրականացնող մասնագետների հետ։
Մանթաշի ջրամբարը գտնվում է Արագածի լանջին` 2550 մ բարձրության վրա։ 8,2 մլն խմ տարողությամբ ջրամբարում այժմ 2,1 մլն խմ ջուր կա կուտակված, որը 2019 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 0,25 մլն խմ-ով։ Տիգրան Պետրոսյանը կարևորել է ջրային ռեսուրսների ճիշտ կառավարումը և ջրի կուտակման ծավալների մեծացումը, որը հնարավորություն կտա տարածաշրջանում ոռոգման հարցում խնդիրները բացառել։
Շիրակի մարզպետը եղել է նաև Արթիկի ջրամբարի տարածքում, մարզպետին են ներկայացվել ջրամբարի վերագործարկման դեպքում շրջակա չորս գյուղերի գյուղատնտեսության զարգացման հեռանկարները։
Մարզային իշխանության ներկայացուցիչները եղել են նաև Արթիկում, անդրադարձ է կատարվել հեղեղատարների մաքրման աշխատանքներին, մարզպետը ծանոթացել է ենթակառուցվածքներին, հետաքրքրվել հիմնահարցերով՝ կարևորելով զարգացման հնարավոր ծրագրերի իրականացումը։