ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանում ՄԻՊ տարեկան հաղորդման քննարկման ժամանակ անդրադարձավ նախորդ շաբաթ քաղաքական դաշտում տեղի ունեցած իրադարձություններին: Ըստ նրա՝ առաջին հայացքից իրար հետ կապ չունեցող միջադեպերն իրականում կապված են նպատակային ընդհանրությամբ: Բաբաջանյանի կարծիքով՝ նպատակը ԱԺ-ի կարևոր կշռի արժեզրկումն է:
Պատգամավորը նշեց, որ ստեղծված իրավիճակում պետք է բոլորը գիտակցեն իրենց բաժին պատասխանատվությունն ու մեղքը: Նշեց, որ պետք է հետևություններ անել, այլապես պետությանը հասցվող հարվածների քանակն ու խորությունը ավելանալու են՝ վտանգի տակ դնելով Հայաստանն ավելի ժողովրդավարական երկիր դարձնելու հնարավորությունը:
Բաբաջանյանը անդրադարձավ նաև վարչապետի և արդարադատության նախարարի՝ վեթինգի և ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կիրառման թեմայով երեկ տեղի ունեցած քննարկմանը բովանդակությանը: Բաբաջանյանի որակմամբ՝ հեղափոխության խոստումներից գլխավորներից մեկի՝ դատական համակարգի արմատական առողջացման փոխարեն տեղի է ունենում շրջադարձ:
«Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկման ժամանակ ջանք ու եռանդ չխնայեց վարչապետին ապացուցելու համար, թե ինչո՞ւ և ինչպե՞ս Հայաստանում հնարավոր չէ իրականացնել դատավորների համատարած վեթինգ ու անցումային արդարադատություն, ինչու հնարավոր չէ կիրառել բարեվարքության իրական և ոչ թե ձևական կանոններ, որոնք կստիպեն դատավորներին նախկինից տարբերվող գործելաոճ որդեգրել»,- ասաց Բաբաջանյանը:
Նրա խոսքով՝ Բադասյանը երեկ գործնականում ռեկորդ սահմանեց այն հարցում, թե ինչպես կարելի է հեղափոխության առաջնորդին համոզել, որ ճիշտը ոչ թե հեղափոխական փոփոխություններն են, այլ այն ամենի պահպանումը, հանուն որոնց փոփոխության արվել է հեղափոխությունը:
Ըստ Բաբաջանյանի՝ պետք է արդարադատության նախարարից լսեին դատական համակարգում լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու ռազմավարություն մշակելու մասին հաշվետվություն, այնինչ լսեցին, թե ինչպես արդարադատության նախարարը վարչապետին զեկուցեց, որ տապալել են նրա տված հանձնարարականի կատարումը:
«Ռուստամ Բադասյանը երեկ արձանագրեց, որ այլևս պետք է մոռանալ իրական վեթինգի, իրական անցումային արդարադատության ու բարեվարքության կանոնների մասին, քանի որ, պարզվում է՝ դրանց կիրառմանը խանգարում են Սահմանադրությունը, Վենետիկի հանձնաժողովը: Խանգարում է ամեն ինչ, ինչ հնարավոր է: Պարզ դարձավ, որ Հայաստանում շարունակելու են արդարադատություն իրականացնել անցած տասնամյակներին քաղաքացիների հետապնդումներին իրավական ձևակերպումներ տված, մարդկանց ունեզրկողներին ու կողոպտողներին արդարացրած դատավորները: Այն դատավորները, որոնք մինչ օրս էլ գտնվում են նախկին իշխանությունների, օլիգարխների ուղղակի ու անուղղակի ազդեցության տակ: Եվ դուք միամտորեն որոշել եք նրանց ինքնամաքրման շանս տալ»,- ընդգծեց պատգամավորը: