Մայիսի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում կմեկնարկի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի և նրա սանիկ՝ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության նախկին պետ Նորայր Փանոսյանի դատավարությունը: Գործը քննելու է դատավոր Տաթևիկ Գրիգորյանը:
1lurer.am-ը տեղեկացավ, որ այս գործով առաջին դատական նիստը նշանակված է եղել ապրիլի 6-ին: Սակայն այդ օրը նիստը չի կայացել: Ամբաստանյալները չեն ներկայացել դատարան, փոխարենը նրանց փաստաբանները դիմում են ներկայացրել՝ խնդրելով կորոնավիրուսի համավարակի պատճառով հետաձգել նիստը:
Հիշեցնենք, որ Հրայր Թովմասյանին ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել ՀՀ արդարադատության նախարար ժամանակ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով նույն նախարարության մի խումբ պաշտոնատար անձանց հետ հանցակցությամբ, նոտարների կողմից իրենց գործունեության վայրի՝ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14-րդ շենքի 162-րդ հասցեում գտնվող տարածքի նկատմամբ անհատույց օգտագործման իրավունքն իրացնելու գործընթացին խոչընդոտելու համար: Արդյունքում էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատության նախարարության, նոտարների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։ Բացի այդ, ըստ մեղադրական եզրակացության, Հրայր Թովմասյանը օգտագործելով պաշտոնեական դիրքը նախարարության մի խումբ պաշտնակատար անձանց հետ համակցությամբ՝ հարկադրել է ՀՀ նոտարական պալատի նախագահին՝ պալատի համար ակնհայտ ոչ ձեռնտու պայմաններով վարձակալել փաստացի իրեն պատկանող, Երևան քաղաքի Ալեք Մանուկյան 8/1 շենքի 1-ին հարկում գտնվող անշարժ գույքը, որով էական վնաս է պատճառվել ՀՀ արդարադատության նախարարության և ՀՀ նոտարական պալատի օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել է գույքային վնասի տեսքով ծանր հետևանքներ։