Անդրադառնալով ՀՀ Կենտրոնական բանկի առջև կազմակերպվող բողոքի ակցիային՝ Հայաստանի բանկերի միությունը հորդորում է քաղաքացիներին չենթարկվել մի խումբ անձանց կողմից կազմակերպված և ֆինանսական հաստատությունների դեմ ուղղված ճնշումներին։
«Հարկ ենք համարում մեկ անգամ ևս փաստել, որ երկրում հայտարարված արտակարգ դրության պայմաններում բանկային համակարգն առաջիններից էր, որ արձագանքեց և համապատասխան քայլեր ձեռնարկեց բանկի հաճախորդ ֆիզիկական և իրավաբանական անձանց աջակցելու նպատակով։
Ըստ այդմ, վերջին տվյալների համաձայն, Հայաստանում բանկերն ու վարկային
կազմակերպությունները արտակարգ դրության պայմաններում վարկային արձակուրդ են տրամադրել 472 հազար ֆիզիկական անձանց և 15 հազար իրավաբանական անձանց:
Բացի այդ, առևտրային բանկերը ներգրավված են նաև ՀՀ Կառավարության կողմից իրականացվող հակաճգնաժամային ծրագրերում և օժանդակում են Կառավարության կողմից տրամադրվող միջոցների հասանելիության ապահովմանը
Այս ամենին զուգահեռ, բանկերի կողմից արվում է առավելագույնը ինչպես վարկառու հաճախորդներին աջակցելու՝ ստեղծված իրավիճակով պայմանավորված ֆինանսական դժվարությունները միասին հաղթահարելու, այնպես էլ բանկի ավանդատուների պատշաճ սպասարկումն ապահովելու նպատակով։
Անդրադառնալով կազմակերպվող ակցիային՝ հարկ ենք համարում մեկ անգամ ևս տեղեկացնել, որ վարկատու և վարկառու սուբյեկտների հարաբերությունները ֆիքսված են պայմանագրերով և կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ:
Ըստ այդմ, միանալով ԿԲ կոչին՝ մեկ անգամ ևս հորդորում ենք բոլորին ցուցաբերել զսպվածություն, արտակարգ դրության ընթացքում չփորձել խաղալ հասարակական տրամադրությունների և սպասումների հետ:
Ֆինանսական համակարգի անկայունություն հրահրելը հղի է բազմաթիվ հետևանքներով, որոնք ստիպված կլինեն հաղթահարել մեր երկրի բոլոր քաղաքացիները»,- նշված է ՀԲՄ հայտարարության մեջ։