Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում է կատարել՝ խոսելով հանրապետության հարավային շրջաններ կատարած այցելության մասին:
«Երեկ հանրապետության հարավային շրջաններ կատարած այցելությանս ընթացքում ծանոթացել եմ ֆերմերներ Գագիկ Ծատրյանի ու Հենրիկ Ասլանյանի՝ նորատունկ և կաթիլային ոռոգմամբ ապահովված շուրջ 40 հեկտար ամերիկյան «Վանդերֆուլ» տեսակի նռան այգում իրականացվող աշխատանքների ընթացքին: Տնկիները ներկրվել են ԱՄՆ-ից. նռան տեսակը տարածված է Կալիֆոռնիայում և մեծ պահանջարկ ունի համաշխարհային շուկայում:
Այս պատմությունը, սակայն, հետաքրքիր է նրանով, որ Գագիկն Արցախից է, իսկ Հենրիկը բնակվում է Միացյալ Նահանգներում: Ու այդ ծրագիրը նրանց համար ոչ թե փորձնական է, այլ շատ կոնկրետ՝ բիզնես նպատակ ունի, և նախատեսում են մեծացնել ծավալը՝ հասցնելով մոտ 120 հեկտարի:
Գագիկի և Հենրիկի օրինակն, իսկապես, խրախուսելի է, և հայրենիքում ներդրում կատարելու, կայուն ու երաշխավորված եկամուտ ստանալու վստահության պաշարը մենք փորձելու ենք միայն ավելացնել: Եվ այսօր, մեկ անգամ ևս դիմելով մեր բոլոր հայրենակիցներին, հայտարարում եմ, որ Արցախի կառավարությունը պատրաստ է տարբեր գործիքակազմերով աջակցելու նման համագործակցությունների զարգացմանը՝ մշտապես հանդես գալով հուսալի գործընկերոջ դերում»,- գրել է նա: