ՄԻՊ տարեկան հաղորդման եզրափակիչ ելույթում մարդու իրավունքների պաշտպանը նշեց, որ պետության միջազգային իմիջի տեսանկյունից ևս ցանկալի չէր այդքան շատ քննարկում նվիրել ատելության խոսքին, կարելի էր անդրադառնալ նաև այլ խնդիրների:
Արման Թաթոյանը նշեց, որ կարելի էր անդրադառնալ հարցերի, թե ինչու են մարդիկ ամիսներով մոռացվում հոգեբուժարաններում, ինչու երկրում չկան բավարար թվով հոգեբույժներ: ՄԻՊ-ը նշեց, որ կարող էին անդրադառնալ նաև երկրում հաշմանդամություն ունեցող երեխաների հարցին, երբ մայրը, օրինակ՝ Դաունի համախտանիշ ունեցող երեխայի դեպքում մտածում է դպրոց չուղարկել, մտածելով, որ ուսուցիչն ու դասարանի մյուս երեխաները երեխային ծաղրի կենթարկեն: Թաթոյանը տեղեկացրեց, որ 2019 թվականին հրապարակել են արտահերթ զեկույց, որը նվիրված է 120 դպրոցների և 80 մանկապարտեզների հետազոտություններին:
Թաթոյանն անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության կառույցների ստեղծմանը՝ նշեց, որ ցանկացած նման կառույց նպաստում և աջակցում է, բայց այն չպետք է կրկնի Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական լիազորությունները և չպետք է հակասության մեջ մտնի Հայաստանի միջազգային պարտավորությունների հետ: ՄԻՊ-ը հայտնեց, որ մշակել են նախագծերի փաթեթ, որը վերաբերում է նոր ինստիտուտի՝ հակամենաշնորհային կոմպլեանսի ներդրմանը: Այն կօգնի կազմակերպություններին առավել պաշտպանված լինել: Նշեց՝ քննարկել են էկոնոմիկայի նախարարության և մյոս գործընկերենրի հետ: Թաթոյանի խոսքով՝ մեծ հաշվով կա դրական դիրքորոշում, թեև փաթեթն ուղարկել են նոյեմբերին, բայց դեռ պատասխան չեն ստացել:
Մարդու իրավուքների պաշտպանը, անդրադառնալով ազգային փոքրամասնությունների հարցերին, ասաց, որ COVID-19-ի պայմաններում նախաձեռնել և միջազգային գործընկերների աջակցությամբ 7 լեզվով հրապարակել են ուղեցույց և փոխանցել պարետատանը:
Արման Թաթոյանը նաև կարևորեց խորհրդարանի հետ գործակցությունը. «ԱԺ նախագահի, ԱԺ աշխատակազմի հետ կա բարձր որակի համագործակցություն: Սա շատ է օգնում հասկանալ, նախանշել անմիջական աղբյուրից եկող խնդիրները, հասկանալ պատգամավորներին հետաքրքրող խնդիրները: Ես սա շատ բարձր եմ գնահատում, և ժողովրդավարական հասարակությունում շատ կարևոր գործոն է»,- ասաց Թաթոյանը՝ ԱԺ առավելություններից առանձնացնելով նաև բազմաթիվ հանրային լսումների անցկացումը: