«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի երեկվա տեսաուղերձին՝ այն համարելով մեծ մասամբ ոչ քաղաքական:
«Պարոն Մարուքյանի տեսաուղերձի հետ կապված ես կանդրադառնամ միակ քաղաքական հատածին: Այդ հատվածը վերաբերում էր մանդատները վայր չդնելուն, որը մենք բոլորս լսեցինք»,- ասաց Մակունցը:
Նրա խոսքով՝ չնայած «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը որևէ կերպ չի ընդունում և միջադեպի, և նախորդ դեպքերի առնչությամբ մեղքի իր բաժինը, այնուամենայնիվ, Մակունցը լիահույս է, որ խմբակցությունում կանեն հետևություններ, թեկուզ ոչ հանրային ու հրապարակային:
«Կոչ եմ անում իմ հարգելի գործընկերոջը վերադառնալ քաղաքական բովանդակային դաշտ, և Ազգային ժողովի աշխատանքները վերադարձնենք բովանդակային փուլ»,- ընդգծեց Լիլիթ Մակունցը:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն անդրադարձավ նաև խորհրդարանի ամբիոնից Սասուն Միքայելյանի երեկվա ելույթին: Նշեց՝ կարծում է, որ այն բավական հստակ էր, հիշեցնում էր ընդհանրապես, թե ինչ է տեղի ունեցել նախկինում, և ելույթը պետք է ընկալել բարոյական դաշտում: