Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արայիկ Բաղրյանն ուղերձ է հղել Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է.
«Սիրելի՛ բուժքույրեր,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը Բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ։
Բոլոր ժամանակներում բուժաշխատողի աշխատանքը եղել և մնում է հարգված ու պահանջված, քանզի առողջությունը մարդու ամենամեծ հարստությունն է: Օրը լավ առիթ է վերստին երախտիքի անկեղծ խոսքեր հղելու մեր բոլոր բուժքույրերին, ովքեր անտրտունջ և մեծ նվիրումով կատարում են մասնագիտական իրենց պարտքը։
Նոր տիպի կորոնավիրուսային վարակը ձևավորել է հանրային նոր օրակարգ ու մոտեցումներ, և այսօր դուք շարունակում եք կատարել ձեր աշխատանքը՝ ուղղված բնակչության առողջության պահպանմանը: Ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ նոր կորոնավիրուսային պանդեմիայի դեմ պայքարում՝ դուք գտնվում եք առաջնային գծում:
Սիրելի՛ բուժքույրեր, բարձր գնահատելով ամենօրյա ձեր նվիրումն ու ջանքերը, բոլորիդ մաղթում եմ ամուր առողջություն, հաջողություններ` շարունակելու դժվարին ու մեծ պատասխանատվությամբ լի առաքելությունը»: