Հայկական կողմի նախաձեռնությամբ այսօր տեղի է ունեցել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցը ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Տյան Էրլունի հետ:
Զրուցակիցներն անդրադարձել են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Տրանշ-3 ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքների դադարեցման պատճառով ի հայտ եկող բարդություններին և դրանց ազդեցությանը ՀՀ Կառավարության՝ կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացման քաղաքականության վրա:
Կարևորվել են ծրագրի բնականոն իրականացումը և այդ նպատակով սահմանված ժամկետների պահպանումն ու փոխադարձ պահանջների կարգավորումը:
«Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածների շինաշխատանքների վերսկսումը և էական առաջընթացը կխթանեն կայուն վստահության մթնոլորտի և փոխըմբռնման ամրապնդմանը»,- ընդգծել է նախարար Պապիկյանը։
Հեռախոսազրույցի ընթացքում նախարար Պապիկյանը և դեսպան Էրլունը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հայ-չինական համագործակցության հետագա ամրապնդման և համատեղ ծրագրերում նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված խոչընդոտների հաղթահարման շուրջ: