ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ԱԺ-ում Մարդու իրավունքների պաշտպանի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ անդրադարձավ լրատվամիջոցների գործունեությանը, մեդիագրագիտությանն ու մեր երկրում դրա բացակայությանը:
Հայրապետյանը նշեց, որ նախկինում վատ պրակտիկա կար իշխանություններ և ԶԼՄ-ներ հարաբերություններում, նախարարությունները գումար էին վճարում ոչ միայն իրենց աշխատանքը լուսաբանելու, այլև լռելու համար:
«Փաստորեն տարիներ շարունակ պետբյուջեի միջոցների հաշվին վճարվել են առանձին պաշտոնյաներ և քաղաքական գործիչներ, որ պարզապես այս կամ այն լրատվական միջոցը վատ բովանդակությամբ կամ վատ վերնագրով հոդվածներ չգրի տվյալ պաշտոնյայի կամ նրա մերձավորների մասին: Մոտ 35-40.000 հազար դրամ վճարվել է 2 պարբերություն ունեցող հոդվածի համար, որը մամուլի հաղորդագրություն ուղարկելու պարագայում լրատվական միջոցները հրապարակում էին, և այսօր դրանք նույնպես հրապարակվում են»,- նշեց Հայրապետյանը՝ հավելելով, որ շատ ԶԼՄ-ներում բացասական բնույթի որևէ հոդված շատ պաշտոնյաների մասին անհնար է գտնել:
Պատգամավորը նշեց նաև, որ նախկին շատ պաշտոնյաներ իրենց գրպանից էին վճարում ԶԼՄ-ներին լռության կամ որևէ հոդվածի համար, իսկ առանձին գերատեսչությունների ղեկավարներ՝ ժողովրդի հարկերից:
«Եթե անդրադարձ կատարվի նախկինում իմ գլխավորած գերատեսչությանը (Մ.Հայրապետյանը 2018-19 թթ. եղել է ՀՀ սփյուռքի նախարարը.- խմբ.), 14-15 լրատվական միջոցներ կիրառել են նման մեխանիզմ»,- հայտարարեց Հայրապետյանը՝ հավելելով, որ հեղափոխությունից հետո իշխանության եկած ուժի որդեգրած քաղաքականությունից շատ լրատվամիջոցների խմբագիրներ ու սեփականատերեր տուժել են:
Մխիթար Հայրապետյանը տեղեկացրեց, որ հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում օրենսդրական բարեփոխումներին հաջորդելու են «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի բարեփոխումները:
«Հայաստանում չի կարող լինել իշխանություն, որ որևէ կայք կփակի: Բայց մեր երկրում ինչպես հեռուստատեսության և ռադիոյի ոլորտում պիտի գործեն նոր կանոնակարգումներ, այդպես էլ ԶԼՄ դաշտում պետք է լինեն կոնկրետ գործող նոր մեխանիզմներ՝ հավասար և արդար բոլորի համար»,- նշեց Հայրապետյանը՝ հավելելով, որ անկախ նոր օրինագծից՝ պետք է առաջնային լինի մեդիագրագիտությունը, և եթե մեր երկրում չլինի մեդիագրագիտություն, ապա քաղաքացին ամեն օր կանգնած է լինելու սպառնալիքի առաջ:
Պատգամավորը նշեց, որ պետությունը պետք է հասարակության հետ մեդիագրագիտության մասով կրթական աշխատանք տանի:
«Մենք պիտի մեր առջև հստակ նպատակ դնենք ունենալ այնպիսի կրթված, իրավագիտակից հասարակություն և հանրություն, որը հստակ կտարանջատի սուտը, կեղծիքը, դեմագոգիան»,- նշեց իմքայլական պատգամավորը: