ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ:
«Այսօր աշխարհի մի շարք երկրներում նշվում է Բուժքույրերի միջազգային օրը: Մայիսի 12-ն ընտրվել է` ի պատիվ բուժքույրերի ծառայության հիմնադիր Ֆլորենս Նայթինգեյլի ծննդյան օրվա, և 1974 թվականից առիթն օգտագործվում է հումանիստական այս մասնագիտության տեր անձանց շնորհավորելու և կրկին երախտիքի խոսքեր հղելու համար:
Սիրելի բուժքույրեր, շատ կարևոր է ձեր առաքելությունը հատկապես այս օրերին` ծանր ու պատասխանատու աշխատանքում: Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքը, իմացեք, որ գնահատված եք: Դժվար է պատկերացնել բժիշկների աշխատանքն առանց բուժքույրերի, քանի որ հենց դուք եք բուժման ողջ ընթացքում անմիջականորեն աշխատում պացիենտների հետ: Այս նվիրումն է փրկում կյանքեր։
Վստահ եղեք, որ ձեր հոգատարությունն ու ժպիտն ավելի քան պահանջված են պացիենտների ապաքինման ողջ ընթացքում:
Եղեք ամուր, և թող այս բարդ ու դժվարին օրերին լավատեսությունն ու համբերատարությունը ձեզ չլքեն։
Մաղթում եմ քաջառողջություն, խաղաղ երկինք, ընտանեկան ջերմություն և նորանոր հաջողություններ»,- ասված է նախարարի ուղերձում: