26 տարի առաջ այս օրը ուժի մեջ մտավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի համաձայնագիրը: 1994-ի մայիսի 12-ի կեսգիշերից ռազմաճակատում պաշտոնապես հաստատվեց հրադադար:
Մայիսի 5-ին Բիշքեկում՝ Ռուսաստանի, Ղրղզստանի և ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի միջնորդությամբ Հայաստանի, Ադրբեջանի և Արցախի խորհրդարանների ղեկավարները՝ Բաբկեն Արարքցյանը, Ա.Ջալիլովը (ստորագրել է Ռ.Գուլիևը) և Կարեն Բաբուրյանը ստորագրել էին կրակը դադարեցնելու վերաբերյալ արձանագրություն՝ կոչ անելով հակամարտության բոլոր կողմերին դադարեցնել կրակը:
Արձագանքելով Բիշքեկի արձանագրության մեջ նշված հրադադարի կոչին՝ եռակողմ փաստաթղթով պաշտպանության նախարարները հայտնել էին մայիսի 12-ից հրադադար հաստատելու վճռականության մասին: Մայիսի 9-ին Բաքվում փաստաթուղթը ստորագրել էր Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդովը, մայիսի 10-ին՝ Երևանում՝ ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին՝ Ստեփանակերտում՝ Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը:
Բիշքեկյան արձանագրություն
ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի, Ղրղզստանի Հանրապետության խորհրդարանի, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի և արտաքին գործերի նախարարության նախաձեռնությամբ 1994 թվականի մայիսի 4-5-ը Բիշքեկ քաղաքում անցկացված հանդիպման մասնակիցները.
- վճռականություն արտահայտեցին ամենայն կերպ օժանդակել Լեռնային Ղարաբաղում և նրաշուրջը զինված հակամարտության դադարեցմանը, որը ոչ միայն անուղղելի վնաս է հասցնում ադրբեջանական և հայ ժողովուրդներին, այլև էականորեն շոշափում է տարածաշրջանի մյուս երկրների շահերը, լրջորեն բարդացնում միջազգային իրավիճակը,
- պաշտպանելով ԱՊՀ պետությունների երկրների ղեկավարների 1994 թվականի ապրիլի 15-ի խորհրդի հայտարարությունը՝ պատրաստակամություն հայտնեցին լրիվ աջակցություն ցուցաբերել զինված դիմակայության դադարեցմանը և նրա հետևանքների վերացմանն ուղղված գործադիր իշխանության ներկայացուցիչների ու ղեկավարների ջանքերին` համապատասխան համաձայնագրի շուտափույթ կնքման միջոցով,
- հանդես եկան հակամարտության դադարեցման գործում Համագործակցության և Միջխորհրդարանական վեհաժողովի բնական ակտիվ դերի, դրա հետ կապված ՄԱԿ-ի և ԵԱՀԿ սկզբունքների, նպատակների և կոնկրետ խնդիրների իրագործման օգտին (նախևառաջ Անվտանգության խորհրդի 822, 853, 874, 884 բանաձևեր),
- կոչ արեցին բոլոր հակամարտող կողմերին լսել ողջախոհության ձայնը. մայիսի 8-ի լույս 9-ի կեսգիշերին դադարեցնել կրակը` հիմնվելով 1994 թվականի փետրվարի 18-ի արձանագրության վրա (այդ թվում և՝ դիտորդների տեղակայման մասով), և արդյունավետ աշխատանքով սեղմ օրերի ընթացքում այն ամրապնդել հուսալի, իրավաբանորեն պարտավորեցնող համաձայնագրի ստորագրման միջոցով, որը նախատեսում է ռազմական և թշնամական գործողությունները չվերսկսելու ապահովման մեխանիզմ, գրավված տարածքներից զորքերի դուրսբերում և հաղորդակցման ուղիների գործունեության վերականգնում, փախստականների վերադարձ,
- համաձայնվեցին առաջարկել ԱՊՀ անդամ պետությունների խորհրդարաններին` քննարկել Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վ.Ֆ. Շումեյկոյի և վեհաժողովի խաղաղարար խմբի ղեկավար Մ.Շ.Շերիմկուլովի նախաձեռնությունը Համագործակցության խաղաղարար ուժերի ստեղծման մասին,
- նպատակահարմար գտան շարունակել նման հանդիպումները` ի շահ զինված հակամարտությունների խաղաղ լուծման,
- երախտագիտություն հայտնեցին Ղրղզստանի ժողովրդին և ղեկավարությանը` աշխատանքի համար հիանալի պայմաններ ստեղծելու, սրտաբացության և հյուրընկալության համար:
Պատվիրակությունների անունից`
Ա.Ջալիլով (Ռ.Գուլիևի ստորագրությունը)
Կ.Բաբուրյան
Բ.Արարքցյան
Վ.Շումեյկո
Մ.Շերիմկուլով
Վ.Կազիմիրով (Ռուսաստանի Դաշնության նախագահի լիազոր ներկայացուցիչ, Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար)
Մ.Կրոտով (ԱՊՀ անդամ պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի քարտուղարության ղեկավար)
Բիշքեկ 5 մայիսի 1994 թ.
***
Հրադադարի մասին պայմանագիր
ՌԴ պաշտպանության նախարար Պ. Ս. Գրաչովին
ՌԴ արտաքին գործերի նախարար Ա. Վ. Կոզիրևին
Վ. Ն. Կազիմիրովին
Արձագանքելով 1994 թվականի մայիսի 5-ի Բիշքեկի արձանագրության մեջ նշված հրադադարի կոչին և հենվելով 1994 թվականի փետրվարի 18-ի Արձանագրության վրա` հակամարտող Կողմերը համաձայնեցին հետևյալի մասին.
1. Ապահովել կրակի և ռազմական գործողությունների լիակատար դադարեցումը` սկսած 1994 թվականի մայիսի 12-ի 00 ժամ 01 րոպեից: Մինչև ոչ ուշ, քան 1994 թվականի մայիսի 11-ը հրադադարի մասին համապատասխան հրամանները կտրվեն և կհաղորդվեն ռազմական ստորաբաժանումների հրամանատարներին, որոնք պատասխանատու են դրանց իրականացման համար: Մայիսի 12-ին` մինչև ժամը 23.00-ը, Կողմերը կփոխանակեն հրադադարի մասին իրենց հրամանների տեքստերը` դրանց հնարավոր փոխադարձ լրացման և հետագայում համանման փաստաթղթերի հիմնական դրույթների ներդաշնակեցման նպատակով:
2. Խնդրել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարին` Մոսկվայում, մինչև ոչ ուշ, քան ս.թ. մայիսի 12-ը, Ադրբեջանի, Հայաստանի պաշտպանության նախարարների ու Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատարի մասնակցությամբ հրատապ հանդիպում հրավիրելու` նպատակ ունենալով համաձայնեցնելու զորքերի բաժանման եզրագծերը, այլ հրատապ ռազմատեխնիկական հարցեր, ինչպես նաև նախապատրաստել միջազգային դիտորդների առաջավոր խմբի տեղակայումը:
3. Սույն պայմանավորվածությունը կօգտագործվի առաջիկա 10 օրվա ընթացքում բանակցությունները ավարտելու և մինչև ոչ ուշ, քան ս.թ. մայիսի 22-ը, զինված հակամարտության դադարեցման մասին համաձայնագիր կնքելու համար:
4. Սույն համաձայնագիրը ուժի մեջ կմտնի անմիջապես այն պահից հետո, երբ Միջնորդը տեղեկացնի, որ նա ստացել է հակամարտող ուժերի կողմից լիովին նույնական փաստաթղթեր՝ ստորագրված լիազոր ներկայացուցիչների կողմից:
Ադրբեջանի պաշտպանության նախարար
Հայաստանի պաշտպանության նախարար
Լեռնային Ղարաբաղի բանակի հրամանատար