«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ՄԻՊ տարեկան հաղորդման քննարկման ժամանակ հայտարարեց, որ որոշ մասնագիտական խմբերի նկատմամբ հանրային սխալ ընկալումների զարգացման միտում է նկատվում: Ըստ նրա՝ խոսքը իրավապահների, փաստաբանների, լրագրողների և հասարակական կազմակերպությունների մասին է: Պատգամավորը շեշտեց, որ պետք է հանրությունը փորձի շտկել այն:
«Կան օրինազանց քաղաքացիներ, որոնք պարբերաբար միտումնավոր բառային և ֆիզիկական ոտնձգությունների են ենթարկում այս մասնագիտական խմբերին: Երբեմն այս ոտնձգությունները հատում են օրենքի սահմանները: Այս օրինազանց քաղաքացիներով պետք է զբաղվեն իրավապահները:
Կան նաև քաղաքացիներ, որոնք պարբերաբար իտումնավոր բառային կամ ֆիզիկական ոտնձգությունների են ենթարկում այս մասնագիտական խմբերին, սակայն Քրեական օրենսգրքի ատամները բավական սուր չեն այս ոտնձգությունները որպես հանցագործություն ձևակերպելու համար: Մենք՝ օրենսդիրներս, այստեղ պետք է սրենք այդ ատամները»,- ասաց պատգամավորը՝ որպես օրինակ մատնանշելով ատելության խոսքի դեմ օրենսդրությունն ամրապնդող աշխատանքային խմբի գործունեությունը:
Պատգամավորը նաև ցանկացավ անդրադառնալ փաստաբաններին՝ որպես մասնագիտական խմբի: Կարապետյանի խոսքով՝ Հայաստանում այսօր ընթանում են դատավարություններ, որոնք հանրային մեծ հնչեղություն ունեն: «Այդ դատավարությունները կապ ունեն նախահեղափոխական անցյալի հետ՝ այն համակարգային անարդարության կեղեքման, ճնշման հետ, որի էջը մենք փակել ենք քաղաքական առումով, բայց որոնց շուրջ շարունակվում են իրավական գործընթացները»,- ասաց Կարապետյանը:
Նա ժողովրդավարական ձեռքբերում համարեց իրավական գործընթացների շուրջ հանրային ազատ քննարկումը՝ ընդգծելով, որ ոչ ոք չի կարող սահմանափակել քաղաքացիների ազատ միտքը և խոսքը: Ըստ Կարապետյանի՝ քաղաքացիներն իրենց դիրքորոշումը պետք է արտահայտեն թույլատրելիի սահմաններում: Հորդորեց քաղաքացիներին, որպեսզի նաև իրենց աջակցությունն արտահայտեն ՀԿ-ներին, լրագրողներին ու իրավապահպահներին, քանի որ նրանք ևս կատարում են հանրային շահի պաշտպանության գործառույթ: