Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց պատգամավորներ Համազասպ Դանիելյանի և Հերիքնազ Տիգրանյանի ներկայացրած՝ «Հանրաքվեի մասին» ՀՀ Սահանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը:
Հիշեցնենք, որ առաջին ընթերցման ժամանակ Դանիելյանը ներկայացրել էր, որ 2015 թվականի սահմանադրական փոփոխություններով նախատեսվել էր, որ ՀՀ քաղաքացիները ևս կարողանան օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ: «Նախատեսվում է, որ ընտրելու իրավունք ունեցող առնվազն 50 հազար ՀՀ քաղաքացի կարող են ԱԺ օրակարգ բերել որևէ նախաձեռնություն: «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքով նախատեսվեցին մանրամասները: Անցած տարիների ընթացքում երբևէ չի հաջողվել նման նախաձեռնություն բերել ԱԺ օրակարգ, որի պատճառները բազմաթիվ են: Օրենսդրական նախագիծը միտված է այդ պատճառների մի մասի լուծմանը»,- նշել էր Դանիելյանը:
Երկրորդ ընթերցման ընթացքում պատգամավորը շեշտեց, որ Սահմանադրությամբ ստորագրությունների թիվը ֆիքսված է 50.000, և այդ հոդվածը փոփոխման ենթակա է միայն հանրաքվեի միջոցով: Ընդգծեց, որ իրենք որևէ կերպ ԱԺ-ում դա փոփոխության ենթարկել չեն կարող:
Նախաձեռնությունը չի վերաբերում ստորագրությունների թվին: Նշեց, որ կան այլ պայմաններ, որոնք սահմանված են սահմանադրական օրենքով: Տեղեկացրեց, որ այն վերաբերում է, թե քանի հոգի կարող է որպես նախաձեռնող խումբ հանդես գալ և գրանցվել ԿԸՀ-ում: Հայտնեց, որ դրանից հետո ԿԸՀ կայքում բացվում է ստորագրահավաքի համար նախատեսված էջ, որի միջոցով հնարավոր է նաև էլեկտրոնային ստորագրություններ հավաքել: «Այս նախաձեռնությամբ մենք կրկնակի նվազեցնում ենք այն մարդկանց թիվը, որոնք անհրաժեշտ են այդ նախաձեռնությունը գրանցելու համար: Երկարացնում ենք նաև ստորագրությունը հավաքագրելու ժամանակահատվածը»,- ասաց Դանիելյանը:
Պատգամավորն ընդգծեց, որ փորձում են հնարավորություն տալ, որ քաղաքացիներին ավելի հեշտացված ընթացակարգով հանդես գան նման նախաձեռնությամբ: «Կանոնակարգումները, որ ունենք մինչև այս պահը, սահմանափակող են օրերի քանակով: 50.000 ստորագրություն հավաքելու համար պահանջվում է 45 օր: Սահմանափակ է նաև այն առումով, թե ինչպես են գրանցվում նախաձեռնությունները»,- ասաց պատգամավորը: