ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ մայիսի 8-ին՝ ժամը 23.30-ին, Վեդի քաղաքի 43-ամյա բնակիչը հաղորդում է տվել, որ նույն օրը՝ ժամը 18:00-20:00-ի սահմաններում, անհայտ անձը իր ուղղությամբ կրակոցներ է արձակել և դիմել փախուստի:
Նախնական տվյալներով՝ առերևույթ հանցագործություն կատարած անձն ինքնաձիգով մտել է Վեդի քաղաքում գործող քարի արտադրամասի տարածքում գտնվող շինություն, որտեղ այդ պահին ներկա է եղել 43-ամյա տղամարդն իր ընկերների հետ: Նկատելով զինված անձին՝ 43-ամյա տղամարդը ոտքով հարվածել է դռանը, ինչի հետևանքով նա դուրս է շպրտվել, դուռը փակվել է, որից հետո վերջինս 2-3 կրակոց է արձակել դռան ուղղությամբ և դիմել փախուստի:
Այնուհետև Վեդի քաղաքի 43-ամյա բնակիչն իր ավտոմեքենայով հետապնդել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձին, որի ժամանակ վերջինս ատրճանակով մի քանի կրակոց ևս արձակել է իրեն հետապնդող ավտոմեքենայի ուղղությամբ:
Դեպքի վայրի զննությամբ, շինության դռան վրա, հայտնաբերվել են կրակված 3 պարկուճ և չկրակված 1 փամփուշտ, իսկ Վեդի-Ուրցաձոր ավտոճանապարհի հատվածի զննությամբ՝ 6 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտի կրակված պարկուճներ:
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 1-ին մասով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով:
Իրականացված անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, և որոշում է կայացվել վերջինիս ձերբակալելու մասին, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:
Նշանակվել են դատահետքաբանական-դատաձգաբանական համալիր, դատաձգաբանական և դատաքիմիական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: