Խորհրդարանում Կառավարության ներկայացրած «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագծի քվեարկությունից առաջ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը վարման կարգի վերաբերյալ իր խոսքում նշեց, որ մտավախություն կա, թե կոնվենցիան պարունակում է դրույթներ, որոնք սպառնալիքի տակ են դնում երեխաների դաստիարակության շահերը:
«ԱԺ մուտք գործելուց առաջ Դեմիրճյան փողոցի մուտքի առջև քաղաքացիական ակցիա էր, երեկ էլ ստացել եմ Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների կողմից բազմաթիվ ահազանգեր: Բոլորը դեմ են արտահայտվում այս կոնվենցիային: Կան այնտեղ դրույթներ, որ հույս են արթնացնում, թե Հայաստանում փորձ է արվում մարդու իրավունքների պաշտպանությունն ավելի համակողմանի իրականացնել, բայց վտանգ է պարունակում, և մենք մնում ենք մեր դիրքորոշմանը, որ այս կոնվենցիան չի բխում ՀՀ-ում երեխայի իրավունքների պաշտպանության իրական շահերից, երեխայի լավագույն շահերից»,- նշեց Պետրոսյանը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հիշեցրեց, որ հանձնաժողովի նիստում քննարկման ժամանակ ԲՀԿ-ն կողմ է քվեարկել նախագծին:
«Ցավում եմ, եթե առանձին մարդիկ կարողանում են առավոտյան ձեր դիրքորոշման վրա ազդել և փոխել, բայց այս կոնվենցիան բխում է երեխաների շահերից, այս կոնվենցիան մանկապղծության դեմ է, հետևաբար «Իմ քայլը» կողմ է քվեարկելու այս համաձայնագրին»,- նշեց Մակունցը:
ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանն էլ նշեց, որ կոնվենցիայում խնդրահարույց դրվագներ կան, որոնց մասին Գևորգ Պետրոսյանը դեռ ամբիոնից է խոսել:
«Այն հարցը, որը հանձնաժողովում է քննարկվում և քվեարկվում, վերջնական տեսակետ չէ և հնարավորություն է դրական եզրակացությամբ մտցնելու մեծ օրակարգ, որ հանգամանալից քննարկվի»,- նշեց Էնֆիաջյանը:
Այնուհանդերձ, 79 կողմ, 12 դեմ ձայներով որոշումն ընդունվեց: