Դատական համակարգում կան լուրջ խնդիրներ, ԱԺ-ում հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:
«Մենք պետք է օր առաջ, շատ շուտ ավարտենք դատական համակարգի բոլոր բարեփոխումները, որովհետև այս միջանկյալ կամ սպասողական վիճակը խնդրահարույց է դատական համակարգի ինստիտուցիոնալ վստահության, ինստիտուցիոնալ հարգանքի տեսանկյունից: Մենք ամեն դեպքում պետք է նկատի ունենանք, որ պետք է դատական անկախ և վստահելի իշխանություն ունենանք, և դատական իշխանության անկախության երաշխավորումը ռազմավարական առումով շատ կարևոր է երկրի համար: Մենք այսօր էլ ունենք դատավորներ, որոնք պատվով կատարում են իրենց գործը, բայց ունենք դատավորներ, որոնք կարող են իրենց վարքագծով, պահվածքով վնասել դատական իշխանությունը և ստվերել: Հետևաբար, ես պատրաստ եմ բոլոր միջոցները ներդնելով՝ նպաստել բարեփոխման հարցերը առաջ տանելու»,- նշեց Թաթոյանը:
Վեթինգի հետ կապված՝ պատգամավորի ներկայացրած առաջարկների մասով էլ Թաթոյանը նշեց, որ ՄԻՊ-ը դրանք ուսումնասիրել է և պատրաստ է դիրքորոշում հայտնելու: