ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր իր ելույթի ժամանակ անդրադարձավ խորհրդարանում ուրբաթ օրը տեղի ունեցած միջադեպին: Մակունցը հիշեցրեց, որ իրենք դատապարտել են միջադեպը:
«Դատապարտել ենք, որ տրվեն ենք սադրանքների, դատապարտել ենք, որ անկախ երևույթներից՝ մենք իրավունք չունեինք մտնել այդ դաշտ, բայց նաև դատապարտում ենք մարդու արժանապատվությունը հետևողական կերպով ոտնահարելն ու կոնֆլիկտներ հրահրելը»,- ասաց Լիլիթ Մակունցը:
Իշխող ուժի խորհրդարանական խմբակցության ղեկավարը հիշեցրեց նաև այս խորհրդարանում նախկինում տեղի ունեցած նմանօրինակ միջադեպերի ժամանակագրությունը:
«Ես ուզում եմ հիշեցնել, թե ով էր այն պատգամավորը, որ 2019 թվականի հունվարի 16-ին՝ խորհրդարանի երդմնակալության արարողությունից երկու օր անց, կոնֆլիկտ հրահրեց Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ. Էդմոն Մարուքյանը: Ես ուզում եմ հիշեցնել և հարցնել՝ ո՞վ էր այն պատգամավորը, որ մոտ 2 շաբաթ առաջ այստեղ պատգամավոր Գևորգ Պապոյանին պարբերաբար ընդհատում էր, հետո ի վերջո հնչեցրեց սպառնալիք՝ ձայնդ կտրիր, թե չէ քթիցդ արյուն է գալու. Էդմոն Մարուքյանը: Ո՞վ էր այն պատգամավորը, որը Ռուբեն Ռուբինյանի վարման կարգով ելույթի ժամանակ իջնում է աստիճաններից, գալիս Ռուբինյանի մոտ, խանգարում՝ փորձելով չթողնել նրան խոսել և հրահրել կոնֆլիկտ: Ո՞ էր այն պատգամավորը, ում Մխիթար Հայրապետյանը դիմում էր՝ խնդրելով չընդհատել և խոսել ԱԺ պատգամավորի հետ հարգանքով և Դուք-ով»,- թվարկեց Մակունցը՝ հիշեցնելով նման մի քանի դեպք ևս, այդ թվում՝ «Իմ քայլի» պատգամավոր Սուրեն Գրիգորյանի հետ Մարուքյանի կոնֆլիկտը, Ալեն Սիմոնյանի հասցեին հնչեցրած հայհոյանքը:
Մակունցը նշեց, որ Մարուքյանի եղբայրը շարունակում է սեռական բնույթի հայհոյանքների մշակույթը մեկ այլ պատգամավորի մոր հասցեին:
«Ինչպե՞ս կարող է բռնությանը դեմ մարդը, այն բանից հետո, երբ Սասուն Միքայելյանը նրան ապտակել է, և որոշ պատգամավորներ պահել էին Միքայելյանին՝ հնարավորություն չտալով նրան որևէ գործողություն անելու, Մարուքյանը, տեսնելով, որ ինքնապաշտպանվելու խնդիր չունի, հարձակվում է և ոտքով հարվածում: Ինչպես կարող էր բռնությանը դեմ պատգամավորը վտանգ չներկայացնող և ինքնապաշտպանության որևէ խնդիր չունենալու պարագայում ոտքով հարվածել»,- նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը:
Մակունցը նաև պարզաբանեց, թե ինչու է կրկին անդրադառնում այս հարցին, երբ ուրբաթ օրը միջադեպից հետո արդեն ելույթ էր ունեցել:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը զոհ չէ, ինչպես իրենք փորձում են պնդել պարբերաբար: «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը՝ ի դեմս իրենց ղեկավար Էդմոն Մարուքյանի, կոնֆլիկտի կողմ է, ավելին՝ կոնֆլիկտ հրահրող կողմ է: Ինձ համար զարմանալի է, որ խմբակցության ղեկավարը կարող է կոնֆլիկտ գեներացնողի դերում հանդես գալ»,- նշեց Մակունցը՝ հավելելով, որ իրենք միշտ հաշտեցնողի դերում են հանդես եկել:
Մակունցը նշեց, որ իրավիճակը հարթելու համար և հետագայում նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար պետք է իրավիճակն ունենա քաղաքական հետևանք:
«Այդ հետևանքի մասին այսօր այստեղից հայտարարություն արեց Սասուն Միքայելյանը: Այո, քաղաքական հետևանք պետք է լինի, և Սասուն Միքայելյանի առաջարկով նաև: Նա պատրաստ է մանդատը վայր դնել, եթե միաժամանակ մանդատը վայր է դնում նաև Էդմոն Մարուքյանը: Ավելին՝ իրենց մանդատները վայր դնել պատրաստ են նաև պատգամավորներ Արտակ Մանուկյանն ու Վահե Ղալումյանը՝ պայմանով, որ միաժամանակ իրենց մանդատները վայր են դնելու նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներ Հրանտ Այվազյանը և Սարգիս Ալեքսանյանը: Սա է մեր դիրքորոշումը, և սա է արդարությունը, և սա է քաղաքական հետևանքը, որը պետք է տեղի ունենա, եթե իհարկե այն մարդիկ, ովքեր խոսում են արժեքներից, իսկապես այդ արժեքների կրողն են»,-նշեց Մակունցը՝ կարծիք հայտնելով, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պետք է շատ կարճ ժամանակում հանդես գա արձագանքով և ներկայացնի իր դիրքորոշումը: