Վեթինգի իրականացման գործընթացի և ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումների վերաբերյալ վարչապետի հետ քննարկման ժամանակ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձել է Դատական օրենսգրքում կատարված փոփոխություններին: «Առաջինը դատավորների հայտարարագրերի վերլուծությունն է: Դատավորները բավականին վաղուց ներկայացնում են իրենց գույքի, եկամուտների հայտարարագիր: Նախկինում ներկայացնում էին Էթիկայի հանձնաժողով, հիմա՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով: Ի՞նչն է փոխվել. առաջին անգամ դատական օրենսգրքում հայտարարագիր ներկայացնելը և դրա վերլուծության արդյունքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին գույքի ավելացման կամ պարտավորությունների նվազեցման դեպքում պատշաճ նյութեր և բացատրություններ չներկայացնելը ֆիքսվել է որպես վարքագծի կանոն: Օրինակ, եթե դատավորի մոտ տեղի է ունեցել գույքի ավելացում, սակայն դա անձի այդ տարում ստացած եկամուտներով չի հիմնավորվում, վարքագծի կանոն է: Եվ դրա վերաբերյալ պատշաճ բացատրություն չներկայացնելը կամ հայտարարագրում տեղեկություն թաքցնելը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության կամ կարգապահական պատասխանատվության»,- ասել է նախարարը:
Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է՝ արդյոք կարգապահական վարույթ կարող է արդյոք հարուցվել 2012-ի համար:
«Եթե մենք ուզում ենք այդ ճանապարհով գնալ, դա նշանակում է ամբողջ դատական համակարգի դատավորներին ստուգել միանգամից, համատարած՝ մի կարճ ժամանակահատվածի ընթացքում: Սա կարող է բերել բացասական հետևանքների: Բայց դա մոռանանք, կենտրոնանանք իրավական հնարավորությունների վրա: Սա անելու համար միանշանակ պետք են Սահմանադրական փոփոխություններ: Այսինքն, առանց Սահմանադրությունը փոփոխելու հնարավոր չէ իրականացնել նման տեսակի վեթթինգ, պայմանական անվանենք համատարած վեթթինգ»,- պարզաբանել է նախարարը: Բադասյանը որպես օրինակ բերել է Ալբանիայի փորձը. այնտեղ ստեղծվել է հատուկ մարմին՝ Սահմանադրությամբ հավասարեցված դատական ատյանին: Միաժամանակ ստեղծվել է մեկ այլ մարմին, որտեղ վերաքննության կարգով քննարկվել են դատավորների վեթթինգի հետ կապված վեճերը:
«Սահմանադրությամբ պետք է սահմանվեն այդպիսի հատուկ մարմիններ, լիազորությունների շրջանակ: Իրականում մեզ ոչինչ չի խանագարում, որպեսզի նաև հաշվի առնելով վատ փորձը, ճիշտ մոդելով համատարած վեթթինգի հարցին անդրադառնանք՝ սահմանադրական փոփոխություններով: Սակայն կարծում եմ, որ դատական օրենսգրքի այն մեխանիզմները, որոնք դրված են, թույլ են տալիս դատական համակարգում իրականացնել առողջացում՝ աստիճանական»,- ասել է նախարարը: