ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը վեթինգի իրականացման գործընթացի և ապօրինի գույքի բռնագանձման կարգավորումների վերաբերյալ ուղիղ եթերում քննարկում է անցկացրել ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի հետ:
Փաշինյանի խոսքով՝ Կառավարության գործունեության զեկույցի քննարկման ժամանակ էլ զգացել է, որ իշխանությունը բավարար մասշտաբով չի լուսաբանել դատական օրենսգրքում տեղի ունեցած և արդեն ուժի մեջ մտած փոփոխությունները: Ըստ վարչապետի՝ շատերն ասում են, թե Կառավարությունը վեթինգ է խոստացել, սակայն մոռացել խոսումը: «Ես կուզենայի, որ զրույցի ընթացքում մանրամասնեինք, թե ինչ փոփոխություններ են ենթադրվում դատական համակարգում Դատական օրենսգրքի փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո»,- ասել է վարչապետը՝ շեշտելով, որ աշխարհում եղել են վեթինգի փորձեր, որոնց իմաստը եղել է ամբողջ դատական համակարգը դնել մի կողմ, եղել է իրավիճակ, որ երկրում վակուում է առաջացել, երկրում ընդհանրապես դատարան չի եղել, արդյունքում 10 անարդարների հետ համակարգից դուրս են մղվել նաև 10 արդարներ:
«Իմ կարծիքով՝ ավելի կարևոր է՝ ոչ թե ով է լքելու դատական համակարգը, այլ՝ թե ով է համալրելու դատական համակարգը»,- ասել է Ռուստամ Բադասյանը: Ըստ նախարարի՝ դատական համակարգի գրավչությունը բարձրացնելու են և վստահ են լինելու, որ կարող են ունենալ պատասխանը հարցի, թե ով է համալրելու դատական համակարգը: Նրա խոսքով՝ դատական համակարգը մասնագետների համար գրավիչ չէ, քչերն են ձգտում դառնալ դատավոր: Ըստ նախարարի՝ այս մասին խոսում է ինչպես այժմ առկա դատավորների, այնպես էլ թափուր հաստիքների և Արդարադատության ակադեմիայում սովորողների փոքր թիվը:
Նախարարը տեղեկացրել է, որ Դատական դեպարտամենտն իրենց հորդորով ներկայացրել է միջնաժամկետ ծախսային ծրագրերով դատավորների վարձատրության ավելացման աստիճանական համակարգ: Ըստ նրա՝ եթե Կառավարությունը այն ընդունի, ապա 2020 թվականին դատավորների աշխատավարձը կբարձրանա 50 տոկոսով, 2021-ին՝ 60 տոկոսով, և 2022-ին՝ 70 տոկոսով:
Վարչապետն էլ կարծիք է հայտնել, որ դատավորների աշխատավարձերի բարձրացումն արվում է բազմահազարանոց քաղաքացիների համար, որոնք վարչապետին, նախարարին դիմում են գրում, ասում, թե դատարանը անարդար լուծում է տվել որևէ հարցի: «Պարզ է, որ դա արվում է նաև դատավորի համար, սակայն դա արվում է նրա համար, որ դատավորի աշխատանքն այնքան գրավիչ լինի, որ գան, ներգրավվեն ամենաբարձր մակարդակի մասնագետները: Սա արվում է նրա համար, որ դատական համակարգի որոշումներից բավարարված լինեք և վստահ լինեք, որ դա արդար, օրինական որոշում է»,- նշել է նա:
Խորհրդակցության ժամանակ Ռուստամ Բադասյանը նշել է, թե վստահ լինելու համար, որ արժանի դատավորներն են համալրելու բարեփոխված դատական համակարգը, նախարարությունը Դատական օրենսգրքում ներդրել է երկու գործիք: «Դա համարում ենք թեկնածուների բարեվարքության ստուգում: Առաջինը հոգեբանական թեստավորումն է, այն հիմա էլ է իրականացվում, սակայն դա, կարելի է ասել, ձևական բնույթ է կրում: Ցանկացած թեկնածու անցնելու է լուրջ ծրագրով, լավագույն միջազգային փորձով հոգեբանական թեստավորում, և ԲԴԽ-ն թեկնածության քննարկման ժամանակ ունենալու է խորհրդատվական եզրակացություն: Բարեվարքության ստուգման էությունն այն է, որ յուրաքանչյուր թեկնածու լրացնում է հարցաթերթիկ, որտեղ տեղեկություններ են պարունակվում անձի նախորդ գործունեությունների, կարգապահական պատասխանատվության մասին, իր և ընտանիքի գույքային դրության մասին, օրինակ՝ թե իր օրինական եկամուտներով հիմնավորվո՞ւմ է գույքը, թե՞ ոչ»,- տեղեկացրել է նախարարը:
Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվել է՝ կա՞ն արդյոք գույքային վիճակի հայտարարագիրը և իրականությունը համեմատելու ռեալ գործուն մեխանիզմներ: Նախարարը դրական պատասխան է տվել՝ ասելով, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն ունի հասանելիություն, ֆինանսական տվյալներին մատչելիություն:
Ըստ Բադասյանի՝ ԲԴԽ-ն առաջարկել է 6-ով ավելացնել Վարչական, Վերաքննիչ դատարանի դատավորների թիվը, 6-ով՝ Առաջին ատյանում քաղաքացիական գործեր քննող դատավորների թիվը: Ըստ նրա՝ սա կբերի դատավորների ծանրաբեռնվածության նվազեցման: