ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքների ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն այսօր լսել է 2016-18 թթ. ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ նիստը կարճ է տևել, քանի որ Կարապետյանը վարչապետ է նշանակվել ապրիլյան պատերազմից ամիսներ անց:
«Կարապետյանին տրվելիք հարցերն առնչվել են սպառազինության և թիկունքային ծառայության մասին այն ժամանակվա նրա հնչեցրած հայտարարություններին: Հարցերի մի ամբողջ փաթեթ տրվել է իր վարչապետության ժամանակ կատարված աշխատանքների մասին: Եթե այդ աշխատանքները կատարված լինեին 2016-2018 թվականներին, ապա այսօր քննիչ հանձնաժողովի կարիքը չէր լինի»,- նշեց Քոչարյանը:
Անդրանիկ Քոչարյանն ասաց՝ զարմանալի է՝ ինչո՞ւ այդ հարցերը Հովիկ Աբրահամյանից հետո ձևավորված կառավարությունը չի դարձրել իր առաջնահերթությունը: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ այդ հարցերի պատասխանները ստացել են այնքանով, որքանով Կարեն Կարապետյանն է պատասխանել:
«Պարոն Կարապետյանը հանձնաժողովի փակ նիստում տվեց մեզ հետաքրքրող հարցի պատասխանը: Ուրիշ բան է, որ հանձնաժողովը միայն Կարապետյանի տված պատասխանների վրա չի հենվում, հանձնաժողովն ունի իր հետազոտությունները»,- նշեց Քոչարյանը:
Հանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ այդ հարցում շատ կարևոր է ՊԲ հրամանատարի բացատրությունը:
«Այս պահին կարող եմ վստահաբար ասել, որ Պաշտպանության բանակի սպայակազմն իր ձեռքի տակ եղած հնարավորությունները փորձել է օգտագործել մաքսիմալ, բայց դրա հետ մեկտեղ հանձնաժողովը պետք է տա եզրակացություն, որը ներառի լրագրողներին հուզող հարցերը»,- նշեց Քոչարյանը: