ԱՄՆ նախագահին առընթեր տնտեսական խորհրդատուների խորհրդի նախագահ Կևին Հասեթը խոստովանել է, որ նոր կորոնավիրուսի համաճարակի պատճառով վախենում է աշխատանքի գնալ Սպիտակ տուն:
«Սարսափելի է գնալ աշխատանքի: Կարծում եմ՝ ավելի անվտանգ կլինի մնալ տանը»,- ասել է խորհրդականը:
Հասեթի կարծիքով՝ Սպիտակ տան Արևմտյան թևը, որտեղ գտնվում են նախագահի օվալաձև գրասենյակը և նրա ամենամոտ օգնականների գրասենյակները, «մարդաշատ է, հետևաբար այնտեղ աշխատելն էլ «մի փոքր ռիսկային է»:
CNN-ի փոխանցմամբ՝ Սպիտակ տանը մաքրման լրացուցիչ միջոցառումներ են ձեռնարկվել, երբ ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսի մամուլի քարտուղարուհու՝ Քեթի Միլլերի մոտ նոր կորոնավիրուս են հայտնաբերել: Փենսն էլ, չնայած մայիսի 8-ին հանձնած թեստի բացասական պատասխանին, գտնվում է ինքնամեկուսացման մեջ: