Ազգային ժողովում այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ողջունեց ՄԻՊ զեկույցում հնչած միտքը, որ չի կարելի արժանապատվությունը նսեմացնող խոսք ասել, քանի որ այն ատելության մթնոլորտ է ստեղծում և բռնության դեպքերի կարող է հանգեցնել:
Պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչպես է ստացվում, որ, օրինակ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարի կողմից ԱԺ-ում հնչող սեռական բնույթի հայհոյանքը ՄԻՊ-ի կողմից որևէ արձագանքի չի արժանանում: Հովհաննիսյանը հիշեցրեց, որ այդ հայհոյանքը տրանսֆորմացվել է փողոց, և կոնկրետ բռնության դեպք է արձանագրվել, իսկ ՄԻՊ-ը պաշտոնական հայտարարություն է տարածել միևնույն պատմության մեկ այլ դրվագի վերաբերյալ միայն: Այն բնորոշվել է որպես կնոջ սեռի հիմքով պայմանավորված վիրավորանք: Պատգամավորը հետաքրքրվեց՝ դա պատահականությո՞ւն է, օրինաչափությո՞ւն, թե՞ թերացում:
Արման Թաթոյանն ընդգծեց, որ դա օբյեկտիվ աշխատանք է: Շեշտեց, որ խոսքը վերաբերում է կնոջը, այն էլ՝ ընդդիմադիր ներկայացուցչի: Դրանից առաջ երկու պատգամավորների վիրավորական արտահայտություններ միմյանց հնչեցնելու առիթով իր հայտարարությունը, Թաթոյանի խոսքով, կունենար քաղաքական հենք և նշանակություն: Ասաց՝ ճիշտ է համարում, որ հայտարարություն չի տարածել:
«Ինչ վերաբերում է հետագայում տեղի ունեցած միջադեպին, ՄԻՊ-ը նախաձեռնել է անհապաղ քննարկում, աշխատանքային խմբերը են այցելել ոստիկանության բաժիններ, հիվանդանոցներ: Այդ գործը գտնվում է քննարկման փուլում: Պարզաբանումների պահանջով գրություններ են հասցեագրված ոստիկանություն: Գրությունների արդյունքներով նաև կտրվեն համապատասխան գնահատականներ՝ ՄԻՊ-ի իրավասությունների սահմաններում»,- ասաց Թաթոյանը:
Արթուր Հովհաննիսյանն արձագանքեց, որ համամիտ չէ Թաթոյանի դիտարկմանը, քանի որ այն սեռական բնույթի հայհոյանքը, որը հնչել է, մարդու արժանապատվությունը վիրավորելու օրինակ է: Հիշեցրեց մեկ այլ դրվագ, երբ նույն խմբակցության ղեկավարի կողմից Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանին էր ուղղվել վիրավորանք, սակայն դրան ևս ՄԻՊ-ը չի արձագանքել:
Թաթոյանն ընդգծեց, որ ԱԺ-ում նման միջադեպերը տգեղ են, բայց ՄԻՊ-ը չի կարող կոնկրետ քաղաքական նշանակության, միջադեպի հետ կապված կոնկրետ մարդկանց հետ կապված գնահատական տալ: Նշեց, որ նա իր աշխատանքի ընթացքում անում է կանխարգելիչ հայտարարություններ, որպեսզի նպաստի նման միջադեպերի բացառմանը:
«Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը նրա համար է, որ ոչ թե պաշտպանի պաշտոնատար անձին, այլ պաշտպանի քաղաքացուն: Այդ կանոնը ամրագրված է Սահմանադրական օրենքում, որն արգելում է պետական կառավարման մարմիններին դիմել մարդու իրավունքների պաշտպանին»,- ընդգծեց Թաթոյանը: Ընդգծեց, որ վիրավորական է հղի կնոջ հանդեպ այդպիսի արտահայտություններ թույլ տալը, բայց Մարդու իրավունքների պաշտպանը չի կարող սկսել պաշտպանել բոլոր կառավարման մարմինների ղեկավարներին: Ասաց՝ դա օրենքն է արգելում: