«Այսօր ինձ համար սուրբ է և՛ Էդմոնի մայրը, և՛ Ալենի մայրը, և՛ այստեղ բոլորիդ մայրերը: Ես զինվոր եմ եղել: Այն, ինչ անվանել է Էդմոնն այս ամբիոնից Ալենին՝ առանց ամաչելու, նույն բանն Էդմոնի եղբայրը գրել է իմ մասին: Ես չեմ հակադարձի իր բառերով: Երիտասարդ, քո մայրն ինձ համար սուրբ է, բայց քո խոսքերի համար եթե դու ներողություն չխնդրեցիր, դուք իմ անցած ուղին էլ բոլորդ գիտեք, ես ով եմ իմ խոսքով ու իմ գործով՝ լավ բան չի սպասվի քեզ»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ նա ու իր ղեկավարած կառույցի մարտական ընկերները հազարավոր կանանց կյանքեր են փրկել Արցախում, շեշտեց, որ Էդմոն Մարուքյանի եղբոր համար լավագույն լուծումը կլինի ներողություն խնդրելը: Նա կոչ արեց իր մարտական ընկերներին՝ զերծ մնալ որևէ քայլ անելուց, քանի որ որոշ ուժեր ցանկանում են՝ երկրում քաոս ստեղծվի: Միքայելյանը խնդրեց ընկերներին՝ չտրվել այդ սադրանքներին ու չդիմել որևէ քայլի:
Անդրադառնալով խորհրդարանի դալիճում տեղի ունեցած միջադեպին՝ Սասուն Միքայելյանը նշեց. «Ես գիտեմ Մարուքյանը ինչ շոումեն է: Վաղը կասի՝ ինձ սպանեցին, մորթեցին: Այս դահլիճում կատարվածը իր մեղքով է կատարվել: Ես առաջարկում եմ, եթե այդքան տղա է ինքը, մենք երկուսով մանդատները դնում ենք: Թող այս կուսակցություններն իրենց գործը շարունակեն»,- ասաց Միքայելյանը՝ ևս մեկ անգամ հնչեցնելով Մարուքյանի հետ մանդատները վայր դնելու առաջարկը:
Միքայելյանի ելույթը ԱԺ դահլիճում արժանացավ պատգամավորներից մի քանիսի ծափերին: