Եվրամիությունը կարող է պատժամիջոցներ կիրառել Իսրայելի նկատմամբ, եթե այն բռնակցի Հորդանանի Արևմտյան ափի մի շարք տարածքներ, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով ԵՄ արտաքին հարաբերությունների ծառայության ներկայացուցիչ Փիթեր Ստանոյի հայտարարությունը:
«Ներկայումս միության անդամ պետությունների միջև քննարկումներ են ընթանում: ԵՄ-ն բազմիցս արտահայտել է իր դիրքորոշումը բռնակցմանը, և այն աննկատ չի մնա»,- ասել է Ստանոն:
Նա նաև շեշտել է, որ հարցը կարող է քննարկվել մայիսի 15-ին ԵՄ արտգործնախարարների հանդիպման ժամանակ:
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ իսրայելական նոր կոալիցիոն կառավարությունը նախատեսել է զորք ուղարկել Պաղեստինի վերահսկողության տակ գտնվող մի շարք տարածքներ, որտեղ հրեական բնակավայրերն են: Նեթանյահուի խոսքով՝ դա արվում է Պաղեստինա-Իսրայելական խաղաղ կարգավորման ծրագրի շրջանակում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է ճանաչել այդ տարածքները որպես Իսրայելի մաս: