ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանն այսօր ՄԻՊ տարեկան հաղորդման քննարկման ժամանակ անդրադարձել է «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիային, որն առավոտյան ԱԺ-ում ընդունվեց 79 կողմ, 14 դեմ ձայների հարաբերությամբ:
«Եթե այս կոնվենցիան վաղուց ընդունված լիներ, եթե դրա պարտադրմամբ մեր երկրում շատ ավելի խստացված լինեին մանկապիղծների պատիժները, ապա Նուբարաշենի գիշերօթիկ դպրոցի հայերենի ուսուցիչը՝ տասնյակ երեխաներին բռնաբարողը, չէր պատժվի ընդամենը երեք տարի,- ասաց Գայանե Աբրահամյանը՝ հավելելով,- որոշ շրջանակներ, որոնք այսօր դեմ են կոնվեցիային, որը չեն էլ կարդացել, լավ կլիներ՝ պաշտպանեին և ակցիաներ անեին տարիներ առաջ Ախթալայում, որտեղ տասնյակ, գուցե հարյուրավոր տղաներ բռնաբարվում էին մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանի կողմից: Իհարկե, մանկապիղծ մեծահարուսի դեմ համարձակություն չունեիք բողոքելու, քանի որ նա ոչ միայն մեծահարուստ էր, այլև ձեր սիրելի նախկին վարչապետի խորհրդականը»:
Աբրահամյանը հիշեցրեց, որ կոնվենցիան Հայաստանը ստորագրել է 2010 թ. սեպտեմբերի 29-ին: Ըստ նրա՝ մինչև հիմա այն չէր վավերացվել, որովհետև նախկին իշխանությունները ոչ թե ավանդապաշտ էին, այլ «որովհետև նրանց վարչապետի խորհրդականը հենց մանկապիղծ էր, որովհետև ծննդատներից և մանկատներից երեխաներ էին վաճառում»: