Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ նախագահ Բակո Սահակյանը մայիսի 11-ին հրամանագիր է ստորագրել Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգելու և Արցախի Հանրապետության նախագահի 2020 թվականի ապրիլի 12-ի հրամանագրում փոփոխություն կատարելու մասին:
Հաշվի առնելով, որ Արցախի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման՝ երկարաձգվել է Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը 2020 թվականի մայիսի 12-ից՝ ժամը 22:00-ից, 30 օրով՝ մինչև 2020 թվականի հունիսի 11-ը՝ ժամը 22:00-ն ներառյալ ժամկետով։