Մարդու իրավունքների պաշտպանն Ազգային ժողովում անդրադարձավ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հարցին, որն առնչվում էր այլ երկրների քաղաքացիների կողմից երեխաների ապօրինի որդեգրումներին ու անցած տարի բարձրաձայնված՝ որդեգրման աղմկահարույց դեպքերին, որոնց հիման վրա քրեական գործեր են հարուցվել:
Արման Թաթոյանը նախ ընդգծեց, որ որդեգրումների հետ կապված հարցերը երեխաների իրավունքների պաշտպանության ռիսկային կողմերից են: Անդրադառնալով որդեգրման դեպքին՝ նշեց. «Կա հարուցված քրեական վարույթ: ՄԻՊ-ի աշխատակազմում նույնպես այդ առումով հարուցված վարույթ կա: Մենք նաև քրեական հետապնդման մարմիններին համապատասխան հարցումներ ենք ուղարկել: Ուսումնասիրությունները կատարվել են, և դրանք այնքանով, որքանով ստացվել են, զեկույցում տեղ են գտել»,- նշեց Թաթոյանը:
ՄԻՊ-ն ընդգծեց, որ այդ ոլորտը նախկինում եղել է ոչ պատշաճ ուշադրության ներքո և շատ դեպքերում անտեսված: Ասաց, որ այդ պատճաով էլ կուտակված խնդիրներ կան: Թաթոյանի խոսքով՝ ոլորտում դեռ անելիքներ կան: ՄԻՊ-ը կարևորեց նաև, որ ցանկացած ոլորտում պետք է ինստիտուցիոնալ հիմքեր լինեն: