ԱԺ «Իմ քայը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը նշեց, որ Մարդու իրավունքների պաշտպանը հսկայական աշխատանք է իրականացրել: Պատգամավորն ընդգծեց, որ օմբուդսմենի ինստիտուտի նկատմամբ վստահության բարձրացման ցուցանիշը կապված է հեղափոխությունից հետո պետական մարմինների վարկանիշի աճի հետ:
Թաթոյանի զեկույցի՝ ատելության խոսքի գեներացման հատվածին անդրադառնալով՝ Աբրահամյանը նշեց, որ վերջին մեկ տարվա ընթացքում միշտ արձանագրվել ու խոսվել է հետևանքի և ոչ թե պատճառի մասին:
«Այն, որ հասարակական կառույցները ամիսներով ուղղակիորեն վերբալ բռնության ներքո էին, Դուք դրան չէիք արձագանքում: Այն, որ հենց այդ նույն ՀԿ-ների մոտ ուսուցիչներ, որոնք ամիսներով մարզերում հայերեն և մաթեմատիկա էին կամավոր հիմունքներով սովորեցնում, այդ նույն խմբակի կողմից վերբալ բռնության էին արժանանում, Դուք դրան չանդրադարձաք, սակայն Դուք արձագանքեցիք, երբ այդ խմբակի կողմից որևէ գործողություն իրականացվեց: Սա ինձ համար ցավալի արձանագրում է»,- նշեց Աբրահամյանը:
Թաթոյանը նշեց, որ իրավիճակի փոփոխությունը հանգեցրել է պետական ողջ համակարգի հանդեպ մարդկանց վերաբերմունքի փոփոխության: Ավելին՝ շատ են մեծացել ակնկալիքները, և դրանով է պայմանավորված նաև դիմում-բողոքների աճը: Իսկ պատգամավորի բերած օրինակին Թաթոյանը չհամաձայնեց:
«Ի՞նչ է նշանակում՝ պատճառին չեմ անդրադարձել: Ես կարծում եմ՝ միշտ եմ անդրադառնում պատճառին: Կարող է՝ մեկ կամ երկու կոնկրետ հայտարարության պատճառ չնշվի՝ այդ հայտարարության կամ իրավիճակից ելնելով: Ինչ վերաբերում է Ձեր ասած դեպքին՝ ես այդ դեպքի մասով էլ եմ հայտարարություն տարածել: Կոնկրետ իրավիճակներում անձանց հետ կապված ՄԻՊ-ը չի կարող մեղադրական ոճով խոսել: Բայց ես արձանագրել եմ այն խնդիրները, որոնք առկա են, և հիմա էլ եմ արձանագրում»,- նշեց Թաթոյանը: