ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավր Տաթևիկ Հայրապետյանը Արման Թաթոյանից հետաքրքրվեց, թե ինչ փուլում է Արցախի հետ համագործակցությունը, և այդ ուղղությամբ ինչ աշխատանքներ են կատարվում:
Թաթոյանը նշեց, որ Արցախին ու Արցախի մեր հայրենակիցներին վերաբերող հարցերն իր աշխատանքի չերևացող, բայց հիմնարար ուղղություններից են:
«Ինչո՞ւ չերևացող. որովհետև ՄԻՊ իրավասությունը տարածքային առումով ունի սահմանափակումներ, բայց, քանի որ խոսքը մեր հայրենակիցների մասին է, մենք կարողանում ենք և՛ կոնֆլիկտային, և՛ հետկոնֆլիկտային գոտում մարդու իրավունքներին առնչվող աշխատանքներ տանել: Ես հիմա ներգրավված եմ միջազգային մի հիմնարար նախագծում, որին եվրոպական երկրներ են մասնակցում: Այն վերաբերում է կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային գոտիներում մարդու իրավունքների պաշտպանությանը»,- նշեց Թաթոյանը:
Օմբուդսմենի խոսքով՝ իր աշխատանքի սկզբունքն այս հարցում հիմնարար է, քաղաքական չէ: