ՄԻՊ Արման Թաթոյանը խորհրդարանում 2019-ի զեկույցը ներկայացնելիս անդրադարձավ նաև խոսքի ազատությանը՝ նշելով, որ մեր երկրում խոսքի ազատության մասով արձանագրվել է առաջընթաց:
Թաթոյանը խոսեց նաև աշխարհում խոսքի ազատության գլխավոր մարտահրավերներից մեկը համարվող սոցցանցերում ատելության խոսքի և անհանդուրժողականության տարածման մասին:
«2019-ի մտահոգիչ խնդիրներից է վիրավորանքի, ատելության և արժանապատվությունը նսեմացնող խոսքի զարգացումը: Այս արատավոր երևույթն անթույլատրելի չափերի է հասել սոցցանցերում: Հատկապես մեծ է ագրեսիան, որը տարածվում է կեղծ օգտատերերի ու խմբերի միջոցով: Պետք է բացառել, իսպառ արմատախիլ անել արժանապատվության նվաստացումը, ատելություն գեներացնող ցանկացած տեսակի խոսք: Չի կարելի օգտագործել մարդու արժանապատվությունը նվաստացնող, նսեմացնող խոսք: Դա բերում է վտանգավոր հետևանքների, դա կրկնապատկում է վիրավորանքն ու ատելությունը, դա սադրում է բռնություն: Այս իրավիճակը ոչ միայն լարված է պահում մթնոլորտը երկրում, այլև վտանգավոր է նրանով, որ կարող է տեղափոխվել իրական կյանք՝ հանգեցնելով նույնիսկ բռնության»,- նշեց Թաթոյանը:
Մարդու իրավունքների պաշտպանը, օգտագործելով ԱԺ ամբիոնը, խնդրեց հայրենակիցներին՝ ոչ մի դեպքում չներքաշվել այնպիսի քննարկումների մեջ, որոնք լի են հայհոյանքով, սպառնալիքով և արժանապատվությունը նվաստացնող, նսեմացնող խոսքով: