«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի
աշխատակիցներն իրենց աջակցությունն են ցուցաբերել Տաթև խոշորացված համայնքի դպրոցականներին կորոնավիրուսային վարակի տարածման պայմաններում հեռավար կրթության արդյունավետ կազմակերպման համար և նվիրաբերել 10 համակարգիչ:
Նախաձեռնության շրջանակում տասը ընտանիքի 19 դպրոցական հնարավորություն են ստացել հեռավար ուսուցման:
Համակարգիչները նվիրաբերվել են Հալիձոր, Տաթև, Հարժիս, Սվարանց և Տանձատափ համայնքների աշակերտներին մայիսի 5-ին:
«Մեզ պարտադրված նոր մարտահրավերի պայմաններում՝ երեխաների կրթության շարունակականության ապահովման գործում մեծ դեր ունի այս նվիրատվությունը: Շնորհակալություն ենք հայտնում IDeA հիմնադրամին գործընկերային համագործակցության և Տաթև համայնքի աշակերտներին օգնության ձեռք մեկնելու համար»,- ասում է Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը։
Նախաձեռնությունն իրականացվել է IDeA հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում Սյունիքի մարզպետարանի հետ համագործակցությամբ:
Տաթև համայնքի և նրա հարակից շրջանների զարգացումը IDeA հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի կարևոր ուղղություններից է:
«Տաթև համայնքի դպրոցականներին կատարած սիմվոլիկ նվիրատվությամբ IDeA հիմնադրամը հաստատում է իր մտադրությունը՝ նպաստելու կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարին և օգնելու դրա հետևանքով ամենաշատ տուժածներին և կարիքավորներին»,- ասում է «ՏաԹևեր» ճոպանուղու տնօրեն Վահե Բաղդասարյանը:
«Տաթևի վերածնունդ» ծրագրի մասին 2008 թ. մեկնարկած «Տաթևի վերածնունդ» ծրագիրը շարունակում է ցույց դնել ավանդական բարեգործության (միջնադարյան Տաթևի վանական համալիրի վերականգնում), հանրօգուտ ներդրումների («Տաթևեր» ճոպանուղի և «Տաթևատուն» ռեստորան), ինչպես նաև տեղական համայնքները զարգացնելու սոցիալական ներդրումների համադրության արդյունավետությունը:
Արդեն տասը տարի է՝ «Տաթևի վերածնունդ» ծրագիրն աշխատում է ի բարօրություն տեղի բնակիչների՝ իրավամբ համարվելով Սյունիքի մարզի և թերևս Հայաստանի ամբողջ հարավի կայուն զարգացման կարևորագույն նախագիծը։