ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով է հրավիրվել ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը: Այդ մասին տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ հավելելով, որ Նալբանդյանն այժմ Հայաստանում չէ:
Քոչարյանը հայտնեց, որ հանձնաժողովն ուրբաթ նամակ է ուղարկել ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանին, որպեսզի աջակցի այդ հարցում:
«Առաջարկել եմ, եթե կա տարբերակ, ամսի 18-ից մինչև 25-ը ֆիզիկապես մասնակցի հանձնաժողովի աշխատանքներին, եթե չկա, մենք պատրաստ ենք մեր դեսպանության աջակցությամբ տեսակապով աշխատենք»,- նշեց Քոչարյանը՝ հավելելով, որ նախկին նախարարը բնակվում է Ռուսաստանում՝ իր էլիտար առանձնատանը:
Լրագրողի հարցին, թե Մանվել Գրիգորյանին, Վիտալի Բալասանյանին կամ Սամվել Կարապետյանին քննիչ հանձնաժողով հրավիրելո՞ւ է, Քոչարյանը պատասխանեց, որ նրանք այդ ընթացքում որևէ պաշտոն չեն զբաղեցրել, և նրանց որոշումները չէին կարող ազդել ապրիլյան դեպքերի վրա:
«Մանվել Գրիգորյանը կարողացել է շատ արագ համախմբել այդ մեծ տարիքային խմբի աշխարհազորի մեր անձնակազմին, և նրանք օր առաջ հասել են դիրքեր՝ մեր զինվորների կողքին իրենց մասնակցությունը ապահովելով: Սամվել Կարապետյանի մասնակցությանը հանձնաժողովում անդրադարձել ենք: Կարող եմ ասել, որ Սամվել Կարապետյանը 116 դիրքը վերադարձնելու հարցում ունեցել է շատ կարևոր դերակատարում: Հիմա ես չեմ ուզում Կարապետյանի կամ Բալասանյանի մասնակցության հարցը քննարկել՝ այդ պարագայում իրավասու եղե՞լ է Աղդամի ուղղությամբ մեր զինված ուժերին համապատասխան հրահանգ իջեցնելուն, թե՞ ոչ: Դուք իմ տեսակետը լավ գիտեք՝ ինքն այդպիսի իրավասություն չի ունեցել: Հետո է պաշտոնապես անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվել, նույնիսկ այդ պարագայում ինքը չէր կարող զինված ուժերի որևէ հրամանատարի կոնկրետ հրամաններ իջեցնել: Դրա համար կա Պաշտպանության բանակ»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը: