ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը Եռատոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել՝ նշելով, որ այսօր բոլորս խոնարհվում ենք նրանց հիշատակի առջև, որոնք ազգային իղձերի իրագործման համար կռել են հաղթանակն ու պարգևել արժանապատիվ ապագա կառուցելու հնարավորություն: Եվ յուրաքանչյուրիս գերխնդիրն է ամրապնդել հաղթանակները՝ անվտանգության շարունակական ամրապնդմամբ, տնտեսության կայուն զարգացմամբ, հոգևոր, մշակութային արժեքների և, իհարկե, հիշողության պահպանմամբ:
«Հայրենական մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի հարգարժան վետերաններ, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծման ակունքներում կանգնած ազատամարտիկներ,
Այս տարի նշում ենք Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյա հոբելյանը: ԽՍՀՄ ժողովուրդները հերոսաբար դիմակայել են հրեշավոր մարտերին և տասնյակ միլիոնավոր կյանքերի գնով ապահովել խաղաղ ապագան: Ֆաշիզմի դեմ պայքարում իր սխրանքներով անուրանալի դերն է ունեցել նաև արցախահայությունը՝ սերունդներին թողնելով հայրենասիրության և անձնվիրության յուրահատուկ դասեր:
Մեր բազմադարյա պատմությունը հարուստ է հերոսապատումներով, այդ պատումները կերտած նվիրյալների կերպարներով ու գաղափարական անխոցելի շերտերով: Թերևս, մտքի ու ոգու աներևակայելի թռիչքն էր, որ հաղթահարեց Շուշիի բարձունքը, մեկընդմիշտ լռեցրեց ադրբեջանական մահաբեր կրակակետերն ու բերդաքաղաքը վերադարձրեց իրական տերերին: Խաղաղվեց Շուշիի և աստիճանաբար Արցախ աշխարհի երկնակամարը: Այդ խաղաղությունը կերտողն ու այսօր պարտադրողը համայն հայության պարծանք Արցախի Հանրապետության պաշտպանության բանակն է: Մեր անվտանգության հիմնական երաշխավորը շարունակում է իր առաքելությունը՝ շարունակաբար կատարելագործվելով և ամուր պահելով սահմանը»,- ասված է ուղերձում: