Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն Արցախի գործող նախագահ Բակո Սահակյանի, ԱՀ ընտրված նախագահ Արայիկ Հարությունյանի հետ ԱՀ Պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել են պաշտպանական բանակի մի քանի զորամասեր և սահմանապահ դիրքեր:
Հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին ներկայացվել են ինժեներական և ամրաշինական ենթակառուցվածքները, հուսալի պաշտպանություն իրականացնելու նոր տեխնոլոգիաները, նոր սպառազինությունը, դիրքերում անձնակազմի անվտանգության բարձրացմանն ուղղված աշխատանքները, տեխնիկական հագեցվածությունը:
Նիկոլ Փաշինյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը ծանոթացել են զինծառայողների կենցաղային պայմաններին և զրուցել զինվորների հետ:
Այնուհետև նրանք եղել են ՊԲ զորամասերից մեկում, որտեղ միայն մի քանի օր է, ինչ ներդրվել է սննդի նոր կարգը: Վարչապետը ծանոթացել է զինծառայողներին տրամադրվող սննդի տեսականուն, որակին և ընդգծել, որ նոր սննդակարգի ներդրման գործընթացը զինված ուժերում հաջողությամբ ընթացքի մեջ է: Նիկոլ Փաշինյանը կարևորել է զինված ուժերի, ռազմարդյունաբերության շարունակական զարգացումը և հավելել, որ այդ խնդիրը գտնվում է ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:
Հայաստանի և Արցախի ղեկավարներն այցելել են նաև գյուղատնտեսական նշանակության տարածքներ և բուսական յուղի արտադրությամբ զբաղվող ընկերություն: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանին են ներկայացվել կաթիլային ոռոգման համակարգով եգիպտացորենի ցանքատարածքներն ու նռան այգիները: Պատասխանատուները վարչապետին մանրամասներ են ներկայացրել կաթիլային ոռոգման համակարգի ներդրման, դրա արդյունավետության և Արցախում այդ համակարգով գործող ցանքատարածքների ու այգիների ընդլայնման ուղղությամբ նախատեսվող ծրագրերի մասին:
ՀՀ կառավարության ղեկավարը ողջունել է Արցախում ժամանակակից գյուղատնտեսության զարգացմանը միտված շարունակական քայլերը և կարևորել կառավարությունների միջև այս ուղղությամբ սերտ համագործակցությունն ու համատեղ միջոցառումների իրականացումը:
Նիկոլ Փաշինյանն այցելել է նաև Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում գործող բուսական յուղի արտադրամաս` ծանոթացել վերջինիս գործունեությանը և առաջիկա ծրագրերին: Նշվել է, որ արտադրությունը կազմակերպվում է տեղական հումքից` գերմանական ժամանակակից սարքավորումներով: Արտադրանքի ողջ ծավալն իրացվում է Արցախում և Հայաստանում: Ընկերությունն ունի 70-ից ավելի աշխատակից և նախատեսում է ներդրումային նոր ծրագրերի արդյունքում առաջիկայում ընդլայնել գործունեությունը: