Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից կազմակերպված ինստագրամյան ուղիղ եթերի ընթացքում մայիսի 8-ին պատասխանել է Հայաստանի տարբեր համայնքների երեխաների հարցերին։
Ինչպես է անցկացնում ժամանակը կորոնավիրուսի ընթացքում հարցին՝ Մխիթարյանը պատասխանել է. «Բոլորիս համար շատ դժվար է տանը նստելը: Բայց հասկանալով այս դժվար իրավիճակը՝ պետք է կարողանանք հանգիստ մնալ՝ մինչև շտկվի այս ամենը»:
Անդրադառնալով դժվարություններին՝ Հենրիխը նշել է, որ ցանկացած մարդու հնարավորություն է տրվում։
«Ցանկացած մարդու տրվում է հնարավորություն: Աստված բոլորին հավասարաչափ է բաշխում հնարավորությունը, այլ հարց է, թե ով կօգտվի դրանից: Սխալ է, որ ասում են՝ ինչ-որ մեկի բախտը չի բերում: Ինչ-որ բանի հասնելու համար միայն տաղանդը բավարար չէ, պետք է գտնես քոնը, և այն նպատակը, որը դրել ես քո առջև՝ հասնես դրան: Ես միշտ ասել եմ, որ իմ նպատակն է եղել լավ ֆուտբոլիստ դառնալը: Դժվարություններ շատ են եղել, բայց դրանք տևել են մի քանի ժամ: Ես միշտ ինձ տրամադրել եմ, որ հասնեմ իմ նպատակներին»:
Մխիթարյանը խորհուրդ է տվել մանուկներին՝ անկախ բնակության վայրից, չկաշկանդվել ու ամեն բան անել նպատակին հասնելու համար։
«Չեմ ուզում առանձնացնել մանուկներին, ովքեր ապրում են գյուղում կամ քաղաքում: Եթե ունես նպատակ, պետք է ամեն ինչ անես, որ հասնես դրան: Կարող եմ բերել իմ օրինակով, որ ոչ մեկը չէր հավատում, որ կարող էի խաղալ Գերմանիայում, Անգլիայում, Իտալիայում: Այդ ճանապարհը շատ դժվար է, բայց ոչ անանցանելի: Եթե դու մի բանի հասնում ես հեշտությամբ, դա գին չունի: Եթե հասնում ես դժվարությամբ, այ դա գին ունի»: