Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը շնորհավորական ուղերձ է հղել մայիսի 9-ի՝ Հաղթանակի ու խաղաղության տոնի կապակցությամբ: Ավինյանն ընդգծել է՝ մայիսն իրապես մեր հաղթանակների ամիսն է. հաղթանակներ, որոնք հայ ժողովուրդը տարել է խաղաղություն հաստատելու, զարգացման պայմաններ ստեղծելու և պատմական արդարությունը վերականգնելու համար:
«Ավելի քան յոթ տասնամյակ առաջ շուրջ 600 հազար մեր հայրենակիցներ մասնակցեցին այլատյացության ու ատելության խավարից աշխարհը փրկելու պայքարին: Շատերն իրենց կյանքը զոհեցին՝ հանուն մարդու ազատության և արժանապատվության իրավունքի պահպանման և քաղաքակրթական առաջընթացի: Պատմական զուգադիպությամբ նացիզմի վարակից ազատվելուց գրեթե կես դար անց նույն օրը մի այլ փառավոր հաղթանակ պիտի տոնեինք: Ոգեշնչվելով իրենց պապերի ու հայրերի սխրանքներով՝ մեր մարտիկներն ազատագրեցին հայոց բերդաքաղաք Շուշին՝ բեկում մտցնելով Արցախյան ազատամարտում ու երաշխավորելով մեր ժողովրդի կյանքի իրավունքը և սեփական հողում ազատ արարելու հնարավորությունը:
Մայիսյան հաղթանակները մեր պատմության հերոսական էջերից և ազգային դիմագծի ձևավորման առանցքային իրադարձություններից են: Դրանք ապացուցել են մեր ժողովրդի կենսունակությունը, պայքարելու ու հաղթելու կարողությունը, ապահովել են հայոց պետականության կայացումը և հետագա զարգացումը: Ցանկանում եմ հատկապես շնորհավորել և շնորհակալություն հայտնել մեր վետերաններին ու ազատամարտիկներին: Խոնարհվում եմ հաղթանակները կերտելու գործին իրենց կյանքը զոհած հերոսների հիշատակի առջև: Ձեր սխրագործությունները, անձնազոհությունն ու նվիրումը Հայրենիքին երբեք չեն մոռացվի»,- նշել է նա ուղերձում:
Փոխվարչապետը նաև, դիմելով հայրենակիցներին, ասել է, որ մայիսյան այս օրերին անցնում ենք հերթական փորձության միջով՝ պայքար մղելով կորոնավիրուսի համավարակի դեմ: «Այժմ մտել ենք մի փուլ, երբ մեզանից յուրաքանչյուրի անձնական բարձր պատասխանատվությունը, կարգապահությունը և գիտակցությունն առավել քան կարևոր են հաջողության հասնելու համար: Համոզված եմ, որ հերթական անգամ կդրսևորվի դժվարին ու վտանգավոր պահերին համախմբված ու համերաշխ լինելու մեր հատկանիշը, իսկ մայիսյան հաղթանակների խորհուրդը ուղենիշ կլինի գալիք ձեռքբերումների համար»,- նշել է Ավինյանը: