Մայիսյան եռատոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը:
«Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս, Արցախի, Մայր հայրենիքի և Սփյուռքի մեր քույրերին և եղբայրներին մայիսյան Եռատոնի առթիվ:
Հազարամյակների պատմություն ունեցող մեր ժողովրդի համար պատմության ընթացքը չափվում է ոչ այնքան տարիներով կամ դարերով, որքան այդ ընթացքում կերտած սխրանքներով և փառավոր էջերով: Մայիսյան եռատոնը վերջին հարյուրամյակի մեր սխրանքների գոհարն է և մեր ժողովրդի անպարտելիության վկայությունը:
Հարատևում և փառքի են արժանանում այն ազգերը, որոնք ամուր են պահում հաղթանակների շղթան: Մեզ դա հաջողվեց մեր ոգու և միասնականության շնորհիվ: 75 տարի առաջ խորհրդային բանակի կազմում հարյուր հազարավոր հայորդիների տարած հաղթանակը վերահաստատվեց Արցախյան ազատամարտի օրերին: Պատմական զուգադիպությամբ մայիսի 9-ը մեզ համար վերաիմաստավորվեց և դարձավ հերոսական Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի կազմավորման օր:
Շուշին մեզ համար լոկ կրակակետ չէր, որ պետք էր լռեցնել, և ոչ էլ պարզապես մի բնակավայր, Շուշին հայի գերեվարված արժանապատվությունն էր, որի վերադարձը կանխորոշեց մեր հետագա հաղթանակները: Իսկ ազատության համար պայքարում ծնված բանակն էլ ավելի ամրապնդեց Արցախի և ընդհանուր հայկական տարածքի պաշտպանությունն ու անվտանգությունը:
Մենք հասկացանք, որ խաղաղությունը չի նվիրվում, այն մեծագույն արժեք է, որ ձեռք է բերվում անկոտրում կամքի և աննկուն պայքարի արդյունքում՝ ցավոք պահանջելով նաև անդառնալի կորուստներ: Փառք և խոնարհում մեր բոլոր նահատակներին, որոնց կյանքի գնով իրականություն են դարձել մեր ազգային երազանքներն ու իղձերը:
Մեր վետերաններին, ազատամարտիկներին, պաշտպանության բանակի զինծառայողներին և բոլորիս վերստին շնորհավորելով ազգային հպարտության այս տոնի առթիվ՝ մաղթում եմ ուժ և զորություն՝ հանուն մեր հայրենիքի խաղաղության և բարօրության»,- ասված է Ղուլյանի ուղերձում: