Տավուշի մարզի Աչաջուր գյուղում՝ ԱԺ նախկին պատգամավոր, Ազատ դեմոկրատներ կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի ընտանիքին պատկանող ջերմոցի մոտ երեկ երեկոյան ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել են կրակոցներ։
ԱԴԿ փոխնախագահ Անժելա Խաչատրյանը 1lurer.am-ի հետ զրույցում պատմեց, որ դեպքը տեղի է ունեցել երեկ՝ մայիսի 8-ի երեկոյան: «Զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Քոքոբելյանների ընտանիքին պատկանող ջերմոցային տնտեսության պահակակետի վրա: Հինգ հոգով հարձակվել են անվտանգության աշխատակցի վրա, փորձել են պատուհանից քաշելով նրան դուրս հանել: Անվտանգության աշխատակիցը հասցրել է ահազանգել ոստիկանություն, նաև սեփականատերերին: Սեփականատերերը արագ հասել են դեպքի վայր, որից հետո զինված անձինք հարձակվել են նրանց վրա»:
Դեպքի վայր են մեկնել նախկին պատգամավորի որդին, եղբայրն ու եղբորորդին, տեղի է ունեցել ծեծկռտուք նրանց ու հարձակվողների միջեւ: Քոքոբելյանները ստացել են մարմնական վնասվածքներ: Հնչել են նաև կրակոցներ, որից հետո հարձակվողները դիմել են փախուստի:
ԱԴԿ փոխնախագահից տեղեկացանք, որ առավոտյան բերման է ենթարկվել մեկ հոգի, այժմ ոստիկանությունը զբաղված է միջադեպի հանգամանքները պարզելով:
Ըստ շրջանառվող լուրերի՝ հարձակվողների մեջ եղել են Իջևանի բնակիչ Է.Է-ն, զինծառայող Ս.Ն-, որին բերման են ենթարկել և զինվորական համազգեստով ևս երեք հոգի:
Միջադեպի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ: