Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կազմակերպած ինստագրամյան ուղիղ եթերի ընթացքում մայիսի 8-ին պատասխանել է Հայաստանի տարբեր համայնքների երեխաների հարցերին։
Պատասխանելով երեխաների հարցերին՝ Հայաստանի ազգային ընտրանու ավագը խոսել է լեզուներ սովորելու կարևորության, ազգային հավաքականի հաղթանակների մասին, ինչպես նաև խորհուրդներ է տվել պատանիներին:
«Ֆուտբոլը թույլերի խաղ չէ: Պետք է կարողանաս ամուր նյարդեր ունենալ և դիմակայել ամեն ինչին: Եթե դժվարությունները քեզ ծնկի բերեն, դա կնշանակի, որ սխալ բնագավառում ես: Պետք է ոտքի կանգնես, շարժվես այնտեղ, որտեղ ցանկանում ես քեզ տեսնել»,- նշել է Հենրիխը:
Մխիթարյանը նշել , որ բեկումնային պահեր եղել են իր բոլոր ակումբներում՝ երբ «Փյունիկից» տեղափոխվել է «Մետալուրգ», երբ «Շախտյորից» գնացել է Գերմանիա և այլն: Իրեն ընձեռվել է շանս, որից օգտվել է:
«Ցանկացած մարդու հնարավորություն տրվում է, և միայն նրանից է կախված՝ կօգտվի՞ դրանից, թե՞ ոչ: Սխալ է այն արտահայտությունը, երբ ասում են՝ ինչ-որ մեկի բախտը բերեց: Պարզապես մարդ կա՛մ օգտվում է իր հնարավորությունից, կա՛մ՝ ոչ: Աստված մարդկանց հավասարաչափ է բաշխում հնարավորությունները, պարզապես պետք է փորձես օգտվել դրանից»,- նշել Է «Ռոմայի» կիսապաշտպանը:
Անդրադառնալով լեզուների իմացությանը՝ Հենրիխը նշել է, որ այն շատ կարևոր է, որպեսզի ավելի հեշտ տրվի շփումը թիմակիցների, մարզիչների, երկրպագուների հետ:
«Երբ գնացի Գերմանիա, դժվարություններ եղան լեզվի առումով, քանի որ գերմաներենը հեշտ լեզու չէ, չէի սիրում այն: Բայց քանի որ Գերմանիայում էի, պարտավոր էի սովորել այդ լեզուն: Կես տարի լինելով այնտեղ՝ սկսեցի գրքերով, հեռուստացույց դիտելով, ռադիո լսելով սերտել գերմաներենը, քանի որ շատ կարևոր էր դաշտում և դաշտից դուրս թիմակիցների հետ շփվելը: Նույնը վերաբերում է նաև Իտալիային, թեև իտալերեն սովորելն ավելի հեշտ է: Հաճելի է, երբ թիմակիցներիդ հետ շփվում ես իրենց սեփական լեզվով։
Կցանկանամ, որ ոչ միայն ֆուտբոլիստները, այլև բոլորը լեզուներ սովորեն: Դա շատ կարևոր է: Ինչպես ասում են՝ քանի լեզու գիտես, այնքան մարդ ես: Միշտ ցանկություն է եղել սովորել իսպաներեն կամ իտալերեն: Այստեղ ընձեռվեց հնարավորություն, որ սովորեմ իտալերեն: Դեռ շատ լավ չգիտեմ լեզուն, բայց աստիճանաբար կատարելագործվում եմ: Այս երկու ամիսն ինձ մի քիչ շեղեց ուղուց, բայց հիմա, երբ մարզումները վերսկսում ենք, ամեն ինչ կշտկվի»,-ասել է Մխիթարյանը:
Մխիթարյանը նշել է, որ համաձայն չէ այն տեսակետին, թե մենք՝ հայերս, թույլ ենք թիմային մրցաձևերում։
«Խնդիրը մենթալիտետն է: Բայց այդ առումով չեմ մանրանա, որովհետև տվյալ դեպքում շատ խնդիրներ կգտնենք: Պետք է աշխատենք մեզ վրա, օգնենք մեկս մյուսին թե՛ դաշտում, թե՛ դաշտից դուրս: Հետո կարող ենք ասել՝ ուժե՞ղ ենք, թե՞ ոչ: Բոլորն էլ տեսել են, թե ազգային հավաքականն ինչպիսի հաղթանակներ է տոնել՝ ցուցադրելով թիմային խաղ․ դա պատահականություն չէ, որովհետև եթե մենք կաղայինք թիմային խաղից, ինձ չի թվում, թե կկարողանայինք այդպիսի հաղթանակներ գրանցել»,- նշել է մեր ընտրանու ավագը: